Շվեյցարիան հետարքրված է Հայաստանի բուհական եւ միջին մասնագիտական կրթությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Շվեյցարիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը:
Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա գործունեությունը նպաստավոր կլինի երկկողմ կրթական հարաբերությունների զարգացման համար:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, շեշտել է միջբուհական կապերի զարգացման հնարավորությունները Հայաստանի եւ Շվեյցարիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ՝ առանձնացնելով հնագիտության, հումանիտար, սոցիալական եւ հայագիտական ոլորտների մասնագիտությունները: Նշվել է, որ հաջողված համագործակցության փորձ ԵՊՀ-ի եւ Ժնեւի համալսարանի միջեւ արդեն ձեւավորված է, որը կարող է երկկողմ կրթական կապերի հետագա զարգացման խթան հանդիսանալ: ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է աշխատանքներ տանել Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ միջպետական կրթական համաձայնագիր կնքելու եւ երկկողմ կրթաթոշակային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:
Դեսպան Լուկաս Գասսերը նշել է, որ շվեյցարական կողմն հետաքրքրություն ունի նաեւ Հայաստանի միջին մասնագիտական կրթության բնագավառի, մասնավորապես, բժշկական ոլորտի ՄԿՈՒ հաստատությունների նկատմամբ: Շեշտելով, որ Հայաստանի կրթական հաստատությունների համար միջազգային համագործակցության ընդլայնումը գերակա քաղաքական ուղղվածություն է համարվում՝ նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է գյուղատնտեսական եւ տեխնիկական մասնագիտությունների կարեւորությունը Հայաստանի տնտեսության համար:
Հանդիպման ընթացքում Շվեյցարիայի դեսպանը վերահաստատել է, որ մայիսին Երեւանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին շվեյցարական կողմը կմասնակցի ներկայացվածության բարձր մակարդակով:





























