Արփի լճի տարածքում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ 2014թ. գյուղական տնտեսությունների վրա ավելի շատ կատաղած շներ են հարձակվել, քան գայլեր: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, լրագրողներին ասաց «Թռչնասերների ակումբ» ՀԿ նախագահ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը։
«Գայլերի ոհմակի մեջ կա մի ստվար զանգված, որոնք իրականում ոչ թե գայլեր են, այլ վայրենացած շներ, որոնք թափառելով գայլերի հետ՝ հարձակվում են ընտանի կենդանիների և տնտեսությունների վրա»,- ասաց բանախոսը:
Ըստ նրա, կատաղած շներին պետք է ոչ թե ոչնչացնել, այլ ավելի հումանիստական միջոցներով վնասազերծել։
«Չպետք է վայրենավարի հրացանը վերցնել ու կրակել կատաղած շներին, այլ կառուցել հատուկ նրանց համար նախատեսված կացարաններ, որտեղ շներին ստերիլիզացնում են, ճիճվաթափում են, պատվաստում կատաղության դեմ»,- ասաց ՀԿ նախագահը՝ հավելելով, որ դա ընդունված ձև է ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ Ռուսաստանում:
Ընդ որում, խնդիրը, Սիլվա Ադամյանի խոսքով, ոչ այնքան գումարի պակասն է, որքան դրանց ճիշտ օգտագործումը։
«Այս հարցով արդեն երեք տարի զբաղվում են, բյուջեից փողերը գնում են, բայց մենք ոչ մի արդյունք չունենք, սա է խնդիրը: Ո՞վ ասաց, որ չկան այդ գումարները, կան, ուղղակի պետք է հնարավորության սահմաններում ճիշտ ուղղությամբ օգտագործել դրանք և մի քիչ ականջ դնել այն հասարակական կազմակերպություններին և մասնագետներին, որոնք դրա մասին խոսում են»,- ասաց նա։





























