Հայաստանում ԱՄՆ դոլարի նկատելի արժեւորումը հանգեցրել է մի շարք ներկրվող ապրանքների գների բարձրացման: Նշենք, որ փետրվարին դոլարի փոխարժեքը տարեկան կտրվածքով աճել է 16,2 տոկոսով: Ընդ որում փոխարժեքի թռիչքաձեւ աճ է գրանցվել դեկտեմբերին: հենց այդ ժամանակ կենցաղային տեխնիկայի եւ էլեկտրոնիկայի առեւտրականները որոշեցին գները համապատասխանեցնել դոլարի փոխարժեքին:

Փետրվարի պաշտոնական տվյալներով, սառնարանների միջին մանրածախ գինը Երեւանում բարձրացել է տարեկան կտրվածքով 19,8 տոկոսով, լվացքի մեքենաներինը՝ 25 տոկոսով, հեռուստացույցներինը՝ 23,5 տոկոսով: Բացարձակ արժեքով այդ ապրանքները թանկացել են 24 հազար դրամից (հեռուստացույցներ) մինչեւ 45 հազար դրամ (սառնարաններ ու լվացքի մեքենաներ):

Սա տարեկան թանկացումն է, իսկ եթե փետրվարի գները համեմատենք 2013-ի փետրվարի գների հետ, ապա կտեսնենք, որ սառնարանների գներն աճել են 17,5 տոկոսով, լվացքի մեքենաներինը՝ 10,6 տոկոսով, իսկ հեռուստացույցներինը՝ 20,9 տոկոսով:

Արդյունքում առեւտրականները լրացուցիչ եկամուտ են ստացել «հին» ապրանքների վաճառքից, որը թույլ կտա նրանց նոր տեխնիկա ներկրել Հայաստան: Նշենք, որ առաջին անգամ չէ, որ առեւտրականները նման հնարքներ են կիրառում գների հետ: