Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում տեղի է ունեցել ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արտոնագրման բողոքարկման կոմիտեի նիստը, որը քննարկել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի բողոքարկումը` արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմին) հուլիսի 30-ին կայացրած որոշման դեմ: Հիշեցնենք, որ այդ օրը ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն զրկել էր «Արարատին» ազգային առաջնությանը մասնակցելու իրավունք ընձեռող արտոնագրից` ՀՖՖ ակումբների արտոնագրման ուղեցույցի (տարբերակ 3,0) մարզական չափանիշի S,02 չափորոշիչի խախտման պատճառով:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, ներկա էր նաեւ «Արարատ» ակումբի գործադիր տնօրեն Արկադի Անդրեասյանը:

«Արարատի» գործադիր տնօրեն Արկադի Անդրեասյանը, անդրադառնալով ակումբի մարզական խնդիրներին, նշել է, որ արդեն իսկ աշխատանքներ են կատարվում ծագած մարզական խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաեւ ներկաների ուշադրությունն է հրավիրել այդ փաստը հաստատող որոշակի փաստաթղթերի վրա:

«Արարատի» բողոքի բավարարման հարցը դրվել է քվեարկության: ՀՖՖ արտոնագրման բողոքարկման կոմիտեն 5 կողմ եւ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել է բավարարել հայցը: