Երեւանում մեկնարկած երկօրյա աշխատաժողովի ընթացքում, որը հիմնված է ՄԱԿ-Հաբիթաթի կողմից մշակված քաղաքային եւ տարածքային պլանավորման միջազգային նոր ղեկավար սկզբունքների վրա, քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են քաղաքաշինության եւ տարածական պլանավորման նորագույն մեթոդների ներդրմանն ու բնակավայրերի կայուն զարգացմանը, որը միեւնույն ժամանակ պիլոտային ծրագրով կիրառվելու է նաեւ Հայաստանում:

Աշխատաժողովին զեկույցով հանդես են եկել ՄԱԿ-Հաբիթաթ ծրագրի միջտարածաշրջանային հետազոտական առաքելության խորհրդատու պարոն Պաուլիուս Կուլիկաուսկասը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, Հայաստանի ճարտարապետների միավորման նախագահ Մկրտիչ Մինասյանը եւ այլք:

Ողջունելով հյուրերին ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը նշել է, որ պիլոտային ծրագիրը կբարելավի տարածական պլանավորման գործառույթների իրականացումը: Լինելով քաղաքաշինության բնագավառի կարեւորագույն օրենքներից մեկը, այն առնչվում է ոչ միայն շինարարական խնդիրներին, այլեւ բազմաթիվ այլ գործոնների` շրջակա միջավայր, բնապահպանություն, հուշարձանների պահպանություն եւ այլն՝ միաժամանակ նպատակաուղղված է բնակավայրերի կայուն զարգացման խնդիրները առավել հիմնավոր լուծելուն:

ՄԱԿ-Հաբիթաթ ծրագրի միջտարածաշրջանային հետազոտական առաքելության խորհրդատու պարոն Պաուլիուս Կուլիկաուսկասը, նշել է, որ 2016 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ը կազմակերպելու է կայուն զարգացմանն ու բնակարանաշինությանը նվիրված միջոցառում՝ որի ընթացքում հանգամանալի կքննարկվեն քաղաքային եւ տարածական պլանավորման հարցերը:

Ավելացնենք, որ 2016 թվականին «Հաբիթաթ III»-ի Հայաստանի ազգային զեկույցում շեշտադրվող թեմաներն առնչվում են ազգային խնդիրներին, այդ թվում` քաղաքաշինության, բնակարանաշինության, տնտեսության, բնական աղետների կանխարգելման, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ այլ ասպարեզներում ՀՀ ստանձնած պարտավորությունների եւ իրականացրած ծրագրերի հաշվետվության ներկայացմանը: