Մարտի 10-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մեջքի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նրա ընկերոջ` 21-ամյա Արտակ Ա.-ի պատմածով՝ Արթուր Ա.-ն դանակահարվել է Երեւանի Խանջյան փողոցում՝ ԵՊՄՀ մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, անհայտ անձի կողմից:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնական բաժնի ծառայողները բաժին են ներկայացրել 17-ամյա Արտակ Թ.-ին, 26-ամյա Մհեր Ա.-ին, 18-ամյա Արտյոմ Ե.-ին, 21-ամյա Արտակ Ա.-ին, 19-ամյա Նարեկ Բ.-ին, 19-ամյա Վահե Ա.-ին եւ 17-ամյա Դավիթ Գ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, Չայկովսկու փողոցի թիվ 15 հասցեի մոտ նրանք վիճաբանել եւ հարվածել են իրար, իսկ Արթուր Ա.-ին դանակով հարվածել է Դավիթ Գ.-ն:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի պետական մանկավարժական համալսարանի մոտ մարտի 10-ի կեսօրին մի խումբ երիտասարդների վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ: Երիտասարդները ծեծել են միմյանց, նրանցից մեկն էլ մեջքի հատվածում ծակած կտրած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց եւ մինչ հիմա ի վիճակի չէ խոսելու: