Դիլիջանի միջազգային քոլեջի թուրք երեխաներին քաղաքում ոչ ոք չի նեղացնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

Նրա խոսքով, դպրոցականներն ամեն օր դասերից հետո զբոսնում են քաղաքում: Դիլիջանում բոլորն արդեն ճանաչում են նրանց, իսկ բոլոր 96 աշակերտներն էլ արդեն գոնե մի քանի նախադասություն հայերեն գիտեն:

«Բարեւ ձեզ», «Ինչպե՞ս եք»: Սա արդեն բոլոր գիտեն եւ հաճույքով զրուցում են տեղացիների հետ: Ընդ որում, բոլոր ազգությունների երեխաները: Նաեւ Թուրքիայից 4 աշակերտ կա»,- նշեց Սանթրոսյանը:

Հարցին, իմանալով նրանց ազգային պատկանելությունը, քաղաքում չե՞ն նեղացնում նրանց, Սանթրոսյանը բացասաբար պատասխանեց. «Սա հանգստավայրային քաղաք է, եւ մենք սովորել ենք ամենատարբեր ազգությունների այցելուների: Մեր քաղաքում հյուրերը շատ են՝ տարբեր ազգության, տարբեր հավատքի: Մեզ համար դա արդեն սովորական է»,- հավելեց քաղաքապետը:

Քաղաքային իշխանությունները պարբերաբար հանդիպում են քոլեջի աշակերտների եւ ուսուցիչների հետ: «Մենք համատեղ շաբաթօրյակ ենք կազմակերպել: Իսկ ապրիլի 7-ին խոշոր միջոցառում ենք անցկացնելու»,- նշեց պաշտոնյան:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 11-ին Դիլիջանում «Համաշխարհային քոլեջների միավորում» (UWC) կրթական միջազգային ցանցի՝ ԱՊՀ-ում առաջին քոլեջը բացվեց:

UWC շարժումը հիմնադրվել է 1962 թվականին եւ այսօր ամբողջ աշխարհում արդեն 14 քոլեջ է գործում: Նախագծի գաղափարը տարբեր ազգությունների եւ մշակույթների երիտասարդությանը համատեղ կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելն է: