Ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը խանգարում է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանմանը: Հայաստանի կառավարության՝ ապրանքների եւ ծառայությունների ոլորտի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց կաթնամթերք արտադրող «Դուստր Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանը: Ի դեպ, մրցանակաբաշխության կազմակերպիչը էկոնոմիկայի նախարարությունն էր:

«Դոլարն այնտեղ թանկացել է, իսկ նշանակում է՝ ռուբլով մեր արտադրանքի գները թանկացել են: Բնականաբար, դա մեզ ձեռնտու չէ»,- նշեց Վարդանյանը:

Հարցին, ռուսական շուկայում նոր հնարավորություններ բացվե՞լ են այն բանից հետո, երբ արգելվել է Մերձբալթյան երկրներից եւ Լեհաստանից կաթնամթերքի ներկրումը, Վարդանյանը պատասխանեց. «Չգիտեմ, նրանց կաթնամթերքը ներկրվում է, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է մեզ, ապա շուկա, իհարկե, կա, բայց հարկավոր է դիմանալ գնային մրցակցությանը: Իսկ արժույթի հարցը խանգարում է դրան»:

Նշենք, որ Ռուսաստանը շարունակում է հայկական կաթնամթերքի արտահանման կարեւորագույն շուկա մնալ: Այս երկիր հիմնականում պանիր են արտահանում: 2014 թվականին արտահանված 1.54 հազար տոննա պանրի 99.9%-ը Ռուսաստան է ներկրվել: