2015 թվականին ներմուծվող կաթի փոշու թանկացում չի ակնկալվում: Հայաստանի կառավարության՝ ապրանքների եւ ծառայությունների ոլորտի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց կաթնամթերք արտադրող «Դուստր Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանը: Ի դեպ, մրցանակաբաշխության կազմակերպիչը էկոնոմիկայի նախարարությունն էր:

Նա նաեւ հավելեց, որ 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Հայաստանում արժութային տատանումների պատճառով ներկրվող կաթի փոշու թանկացումից հետո գների նոր աճ տեղի չի ունեցել:

«Թանկացումներ չեն եղել, իսկ 2015 թվականին առայժմ նման բան չենք սպասում, այդ թվում՝ մեր հիմնական մատակարարներից՝ Ռուսաստանից, Բելառուսից եւ Ուկրաինայից»,- հավելեց Վարդանյանը:

Նշենք, որ 2014 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Հայաստանում կաթնամթերքը 5.8%-ով թանկացավ, հիմնականում ներմուծվող կաթի փոշու հաշվին: Դրանից հետո գների կտրուկ բարձրացում չի նկատվել: