Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող՝ Նոր Նորքի զինկոմ Ռաֆայել Զախարյանի գործով դատական նիստը մարտի 11-ին հետաձգվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալի փաստաբան Արմեն Խաչատրյանը:

«Ես այլ նիստի էի, այդ պատճառով նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մարտի 25-ին: Այդ օրը լինելու է իմ պաշտպանական ճառը»,- ասաց փաստաբանը:

Նա հայտնեց, որ հնարավոր է՝ հենց այդ օրն էլ լինի դատավճիռը:

Նշենք, որ դատախազը 9 տարվա ազատազրկում է պահանջել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ռաֆայել Զախարյանը 2014թ. մարտի 17-ին իր աշխատասենյակում, Երեւան քաղաքի Ավան 7 փող. 45 տան բնակիչ Գագիկ Վարդանյանից, որդու՝ Ալբերտ Վարդանյանի օգտին առողջական վիճակի բերումով պահեստազորում հաշվառելու, դրանով իսկ զինվորական ծառայության զորակոչից վերջնականապես ազատելու դիմաց պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.659.840 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Երկու օր անց Զախարյանը նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում Գ.Վարդանյանից ստացել է 3900 ԱՄՆ դոլար:

Ռաֆայել Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ կալանավորված Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է:

Պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները եւ կեղծել դատավարական փաստաթղթեր: