Մայր Աթոռ Սբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը այսօր՝ մարտի 11-ին, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հուղարկավորության արարողությունը:

Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հրաժեշտի համար հանգուցյալ Գրիգորիս Սրբազանի աճյունը դրվեց Սբ Գայանե վանքում, ուր եւ կատարվեց Եկեղեցու կարգը` նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի:

Անդրադառնալով բարեհիշատակ Գրիգորիս Սրբազանի մարդկային կերպարին եւ նվիրյալ ծառայությանը` Գարեգին Բ-ն նշեց. «Գրիգորիս սրբազանին ճանաչում ենք ուսանողական տարիներից: …Մարդամոտ էր, ընկերասեր եւ անմիջական իր փոխհարաբերություններում: Այդ տարիներից ճանաչեցինք իրեն որպես եկեղեցասեր, հայրենասեր, բարի հոգու տեր մի անձնավորության, եւ հետագա տարիներին նա եկեղեցական ասպարեզում այդ բոլոր աստվածաշնորհ հատկանիշները լավագույնս դրսեւորեց` շահելով մարդկանց սրտերն ու հոգիները, վայելելով հարգանքը հավատավոր մեր զավակների: Գրիգորիս Սրբազանն օրինակելի էր էջմիածնասիրության իր նախանձախնդրության մեջ: Նա հովվական եւ առաջնորդական իր կյանքն ապրեց երջանկության մեջ, քանի որ գիտեր, որ իր ազգին եւ Եկեղեցուն ծառայելու ճշմարիտ ուղի է ընտրել ու ամբողջովին նվիրվեց այդ ծառայությանը: Ծառայեց ինչպես Հայրենիքում, այնպես եւ Սփյուռքում, ամեն տեղ արժանացավ իր հավատացյալների սիրուն եւ հարգանքին:

…Մենք ցավ ենք ապրում կորստով մեր սիրելի Սրբազանի: Նա` որպես եկեղեցու սպասավոր եւ որպես Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ, դեռ անելիքներ ուներ: Ուկրաինայում իրականացվելիք ծրագրեր էր ձեռնարկել, նախաձեռնել էր Կիեւ քաղաքում եկեղեցու կառուցումը եւ խանդավառ կերպով ապրում էր այդ ծրագրով: Անհոգնաբեկ ջանքեր էր ի գործ դնում, որպեսզի շենանա ու պայծառանա Ուկրաինայի հայոց թեմը: Երկրի համար դժվարին ժամանակներում անգամ նա ամենուրեք էր` իր համայնքներում ու ծուխերում` գոտեպնդելու իր հավատավոր ժողովրդին այս ծանր վիճակում»:

Խոսքի ավարտին Նորին Սրբությունը մաղթեց, որ հանգուցյալ Սրբազանի հոգին երկնային օթեւաններում շարունակի ցնծալ ու բերկրալ` տեսնելով իր հոգեւոր եղբայրների ծառայագործության նվիրական առաքելության մեջ արձանագրվող ձեռքբերումները:

Այնուհետեւ սգո թափորը շարժվեց դեպի Մայր Աթոռի միաբանական գերեզմանատուն, ուր նախագահությամբ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կատարվեց հանգուցյալ Սրբազանի թաղման կարգը:

Հուղարկավորությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ եւ Մայր Աթոռի միաբաններ, Շիրակի եւ Արմավիրի մարզային եւ քաղաքային իշխանությունների, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, Ուկրաինայի հայոց թեմի համայնքների պատասխանատուներ: