Ավետիսյանների իրավահաջորդները եւ նրանց ներկայացուցիչները մինչ օրս չեն հանդիպել Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, որ Պերմյակովին տեսնելու ամենահավանական տարբերակը դատաքննությունն է, թեեւ նախաքննության փուլում եւս հնարավորություն կա հանդիպելու: «Օրենքով որոշակի դեպքերում եւ որոշակի հանգամանքներում եւս նախաքննության փուլում նախատեսված է նրան տեսնելու եւ հարցեր տալու հնարավորությունը, բայց դա հետագայի խնդիր է, կոնկրետ պետք է հանգամանքները ի հայտ գան»,-ասաց փաստաբանը՝ որպես օրինակ նշելով առերեսումը, երբ էական հարցերի վերաբերյալ ցուցմունքներով հնարավոր է հակասություն լինի: Բայց այս տարբերակը մի փոքր դժվար է պատկերացնել կոնկրետ այս գործով, որովհետեւ եղելությունը Պերմյակովին է հայտնի եւ դժվար Ավետիսյանների հարազատների ու նրա ցուցմունքներում հակասություն լինի:

Ի դեպ, փաստաբանից նաեւ տեղեկացանք, որ ինչպես եւ միջնորդել էին,մասնակցել են դատաձգաբանական, քիմիական եւ հետքաբանական համալիր փորձաքննություններին, որոնց եզրակացությունը առայժմ չկա:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: