ԵՏՄ միասնական արժույթի ստեղծման պարագայում մենք կունենանք տնտեսական անկախության կորուստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նա միանգամայն հնարավոր է համարում միասնական արժույթի անցումը եւ այդ մասին դեռ ասել էր ԵՏՄ մտնելուց առաջ: Արտակ Մանուկյանը նշեց, որ դրանով մենք կորցնում ենք մեր անկախության մի մասը բյուջետային հարցերում եւ միասնական արժույթի անցնելը աստիճանաբար կբերի ֆինանսական շուկաների ինտեգրման, դրանից բխող հաջորդ քայլն էլ կլինի միասնական վճարելամիջոցների ստեղծումը:

Միասնական արժույթի անցումը, սակայն, տնտեսագետի համոզմամբ շատ հապճեպ չի կարող  լինել, դա կտեւի մոտ 1,5-2 տարի: Ներդրման արագությունը կախված կլինի մի շարք հանգամանքներից՝ ՌԴ եւ գլոբալ աշխարհի սրման աստիճանից, թե ինչքանով Եվրոպան կխստացնի պատժամիջոցները, այդքան գործընթացը կարագանա: Երկրորդ կարեւոր գործոնը  ԵՏՄ հնարավոր ընդլայնումն է, օրինակ՝ Ղրղզստանը արդեն հայտարարել է, որ մտնում է ԵՏՄ, դա կդանդաղացնի գործընթացը: Արտակ Մանուկյանը շեշտեց, որ ՌԴ տնտեսությունը թելադրող դիրք ունի եւ նպատակ են դրել ապադոլարայացման, եւ այստեղ մեր քաղաքական ղեկավարության բերած հակառակ փաստարկաները անհիմն են:

Միասնական արժույթի անցնելը ՀՀ քաղաքացիների վրա կունենա ազդեցություն մի քանի տեսանկյունից: Միգրանտների վրա այն կունենա համեմատաբար դրական ազդեցությունը, քանի որ կնվազի հնարավոր կորուստները արժույթների փոխարկելիության դեպքում: Բայց ընդհանուր տնտեսության պարագայում բացասական հետեւանքներ կլինեն: «Կենտրոնական բանկն այլեւս ինքնուրույնություն չի ունենա, ներսում ազդեցության լծակներ չի ունենա: Իսկ մեր երկիրը փոքր երկիր է ԿԲ-ն թերեւս այն կառույցներից է, որտեղ առկա են քիչ թե շատ հմուտ մասնագետներ, եւ նրանք տիրապետում են իրավիճակին, որեւէ ցնցումի դեպքում ավելի հեշտ է լինում կանխելը կամ պայքարելը, բայց երբ մասշտաբները մեծացնենք, այդպես չի լինի, մենք կլինենք ազատ լողացող մակույկ, քամին որ կողմից որ փչի, այն կողմ էլ կգնանք»,-ասաց տնտեսագետը՝շեշտելով, որ փոքր շուկա ունենալու դեպքում ազդելու գործիքներ կան, բայց միասնական արժույթի անցնելու պարագայում մենք կկորցնենք մեր տնտեսական անկախությունը:

Նշենք, որ ՌԴ նախագահ Պուտինը հանձնարարել է ՌԴ ԿԲ-ին աշխատանք սկսել ԵՏՄ միասնական արժույթի ստեղծման հնարավորությունները պարզելու ուղղությամբ: