Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը վստահ է, որ Գյումրիում վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը քաղաքական ենթատեքստեր չունեն։ Այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ իշխանություններին առհասարակ քրեական աշխարհի ակտիվացում հարկավոր չէ։
«Հնարավոր է՝ քրեական, սոցիալական կամ ֆինանսական խնդիրներից լինեն այս դեպքերը։ Ասել, որ քաղաքական դրդապատճառներ կան, սխալ է, քանի որ այս իրավիճակում իշխանություններին բացարձակապես պետք չեն ոչ քրեական աշխարհի ակտիվացում, ոչ նման կրիմինալ դեպքեր»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը։
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով էլ այս ամենի պատճառը ապօրինի զենքերի առկայությունն է Հայաստանում։
«Հեղինակավոր աշխարհը իր ազդեցությունն ունի քաղաքականության վրա։ Մեկը մտավ շտաբի պետի մոտ, որը նրան ասաց՝ խոսե՞լ ես տեղական դատախազի, տեղական միլպետի, տեղական հեղինակության հետ։ Սա նշանակում է, որ տեղական հեղինակությունը մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների վրա։ Գյումրիում տեղի ունեցածը կարելի է կապել ԲՀԿ-ի վերացման հետ, վերադասավորումներ են տեղի ունենում այս կուսակցությունում»,- ավելացրեց նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզի Ախուրյանի Քեթի գյուղի ձորում մարտի 7-ի առավոտյան հայտնաբերվել է «Նիսան-Տիանա» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ գտնվել է վարորդի՝ 31-ամյա Քրիստ Վարդանյանի դիակը՝ ավտոմեքենայի հետևի նստատեղին: Մեկ օր անց նույն գյուղի մատուռի մոտ հայտնաբերվել է 34-ամյա Սամվել Հակոբյանի՝ «Մոստիկի» դին: Մարտի 8-ին Գյումրիում արդեն հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով վեց մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 11-ին վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է։




























