Ավետիսյանների իրավահաջորդները եւ նրանց ներկայացուցիչները վաղը՝ մարտի 13-ին, կհանդիպեն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:
«Գլխավոր դատախազի հետ հանդիպման համար ես եմ միջնորդել, որ մարտի 13-ին հանդիպում տեղի ունենա, քանի որ ցանկանում են անձամբ իրենց հուզող հարցերը տան դատախազին, թեկուզ եւ այն պայմանով, որ դրանց պատասխանները լրատվամիջոցներով չհրապարակվեն»,-ասաց Երեմ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այդ հանդիպմանը քննարկվելիք հարցերին իրենք առայժմ չեն անդրադառնա, միայն հանդիպումից հետո հանդես կգան հայտարարությամբ:
«Այս պահին մեզ միայն գործի շահն է հետաքրքրում, այլ ոչ թե հրապարակայնությունը: Եթե կլինեն տեղեկատվություն, որոնք որ գործի շահերից ելնելով պետք չէ հրապարակել, չի հրապարակվի»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին:





























