ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաները, մտքեր են փոխանակել «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին» պայմանագրի՝ հունվարի 2-ին ուժի մեջ մտնելուց հետո ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման շուրջ: Երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի շրջանակում Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը անդրադարձել են հատկապես խաղաղ ատոմի ոլորտին եւ նավթագազային բնագավառին:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում:





























