ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 41 դատապարտյալ ստացել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Գյումրիի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի վկայականներ՝ «Խոհարարի» եւ «Հյուսն ատաղձագործի» մասնագիտությունների գծով:
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վկայականների հանձնման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Խաչատուր Տոնոյանը, «Արթիկ» ՔԿՀ ղեկավարությունը, Քրեակատարողական վարչության ներկայացուցիչներ:
Խաչատուր Տոնոյանը շնորհավորել է ներկաներին վկայականներ ստանալու կապակցությամբ եւ բարձր գնահատել «Արթիկ» ՔԿՀ-ի եւ Գյումրիի արհեստագործական ուսումնարանի միջեւ համագործակցությունը:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը նույնպես կարեւորել է նման միջոցառումների անցկացումը քրեակատարողական հիմնարկներում եւ հույս հայտնել, որ ուսումնական ծրագիրը շարունակական բնույթ կկրի:
Հիշեցնենք, որ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին նույնպես շնորհվել էր Հայաստանի Հանրապետության Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի վկայականներ՝ «Ավտոփականագործ» եւ «Կենցաղային գազի սարքավորումների վերանորոգում» մասնագիտությունների գծով:





























