ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ-Գայ-Ակնաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գայ-Ակնաշեն 0,67 կմ երկարությամբ հատվածի վիճակը հիմնանորոգման աշխատանքների արդյունքում բարելավվել է:
Ճանապարհը տարիներ շարունակ չի վերանորոգվել, ինչի հետեւանքով ճանապարհահատվածի սկզբնամասում ասֆալտբետոնե պատվածքը բացակայում էր: Առաջացած խորքային փոսերը խոչընդոտում էին անվտանգ երթեւեկությանը, իսկ ճանապարհահատվածի վերջնամասում գոյություն ունեցող ծածկի վրա առաջացել էին լայնական, երկայնական եւ ցանցավոր ճաքեր: Բացակայում էին իջատեղերը, մայթերը եւ ճանապարհային նշանները:
«Կուարլին» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարներն իրականացրել են ճանապարհի սկզբնական հատվածի վերակառուցման, գոյություն ունեցող ասֆալտբետոնե պատվածքի փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, ասֆալտբետոնե ծածկի կառուցման աշխատանքներ: Կատարել են մայթերի, ուղիների եւ մուտքերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, ինչպես նաեւ նշագծման եւ ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
Աշխատանքներն իրականացվել են «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով: Պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 81.900.000 ՀՀ դրամ:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով ձեւավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:
(3).jpg)





























