Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը, շրջելով Սեւ ծովին հարակից շրջաններում (Համշեն), հայտարարել է, որ իրենք էթնիկ պառակտմանը ոչ ասելով՝ սիրելու են թուրքին, քրդին, լազին, հանուն Ալլահի։ Այս մասին հաղորդում է թուրքական «Hurriyet»-ը։
Մասնավորապես Էրդողանը ասել է. «Այժմ ժողովրդավարացման պրոցեսը արագ շարունակվում է։ Իմ երկրում թուրք, քուրդ, լազ, վրացի, աբխազ տարբերակում չի եղել եւ չի լինելու։ Ոչ մեկին չենք տարանջատելու։ Հանուն Ալլահի սիրելու ենք թուրքին, քրդին, չերքեզին, լազին։ Փողի, հարստության կամ լավ տեղում ապրելու համար չենք սիրելու։
Այստեղից (Ռիզեից) Անկարա 120 կիլոմետր ժամ արագությամբ ընթանալով 10 ժամում կհասնենք։ Վթարների հավանականությունը նվազագույնի ենք հասցրել։ Ժամանակակից ճանապարհորդություն է։ Հանսը, Հելգան (գերմանացիները) սրա նման ճանապարհներ են վայելում, իսկ ինչու իմ Ահմեդն ու Մեհմեդը չպիտի վայելեն նման բարենորոգ ճանապարհներ», ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով թուրքական նորակառույց մայրուղիները։
Ռիզեյից հետո վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը այցելել է նաեւ Արտվին, Արհավի։
NEWS.am. Թուրքիայում ապրող թուրքի ու այլազգիի միջեւ տարբերակում չդնող Էրդողանը չէ՞ր, որ մի քանի օր առաջ հայտարարել էր, թե Թուրքիայում ապրողը պետք է ունենա երկու ինքնություն վերին եւ ստորին։ Վերինով ինքը թուրք է, իսկ ստորինով հույն հայ եւ այլն։
Ժողովրդական բառերով ասած՝ լեզուն ոսկոր չունի, որ կողմ ասես՝ կպտտվի։




























