Հայաստանում գիտնականները կանգնած են  երկու կարևոր խնդրի առաջ՝ գիտական ենթակառուցվածքային և սոցիալական։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց  ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը։

«Այսօր գիտական փորձարկումների համար նախատեսված շատ սարքավորումներ, նյութեր ժամանակակից պահանջներին չեն համապատասխանում։ Շատ կարևոր է, որպեսզի գիտնականը կարողանա ժամանակին հարիր փորձեր իրականացնել, զբաղվել գիտությամբ և զարգացնել այն։ Այժմ գիտական սարքեր ձեռք բերելու համար կարողացել ենք ֆինանսավորել միայն 13 հայտ, որի շնորհիվ երիտասարդ գիտնականները կկարողանան ժամանակակից գիտական սարքեր, նյութեր ձեռք բերել՝ իրենց աշխատանքները, փորձարկումները  իրականացնելու համար»,-ասաց Վարդանյանը։

ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահը նշեց, որ երիտասարդ գիտնականների սոցիալական խնդիրներին լուծում տալու համար կարևոր դեր է կատարում 2012թ. մեկնարկած բազմապրոֆիլ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը»։

«Այսօր համազգային գիտաժողովներին մասնակցելու համար 174 հայտ է ֆինանսավորվել, որի շնորհիվ մեր երիտասարդ գիտնականները կկարողանան մասնակցել արտասահմանում կազմակերպվող գիտաժողովներին.  ֆինանսական աջակցություն է տրամադրվել նաև երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար, գիտական դրամաշնորհներ են եղել և այլն։ Սակայն դեռ շատ բացեր կան, որոնց անհրաժեշտ է լուծում տալ»,- ասաց Գևորգ Վարդանյանը։

Վարդանյանի խոսքով՝ այսօր Հայաստանում միջին սերնդի (35-55 տարեկան) գիտնականների կարիք է զգացվում, որոնք երիտասարդ սերնդի գիտնականներին կրթելու հարցում կարևոր նշանակություն ունեն.

«1991-ից հետո, երբ հետխորհրդային երկրների երիտասարդ գիտնականների մի մասը մեկնեց արտասահման, գիտնականների մյուս մասն էլ սկսեց զբաղվել այլ աշխատանքով, Հայաստանում միջին սերնդի գիտնականներ գրեթե չմնացին։ Այդ բացը լրացնելու համար ես  երկու ճանապարհ եմ տեսնում։ Առաջին՝ արտասահմանից հայազգի միջին սերնդի գիտնականներ պետք է Հայաստան բերել, որը այս պայմաններում գրեթե անհնար եմ համարում, և երկրորդ՝ երիտասարդ գիտնականների համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նրանք գիտության ոլորտից չհեռանան, մնան և խորությամբ զբաղվեն գիտությամբ»,-ասաց Գևորգ Վարդանյանը։