Մարտական դիրքում փետրվարի 14-ին հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած կրտսեր սերժանտ Արման Օսիպյանի հարազատները մարտի 16-ին գալու են Երեւան՝ հանդիպելու գործով քննիչների հետ: Այս մասին NEWS.am-ին ասաց մահացած զինծառայողի եղբայրը՝ Արամայիս Օսիպյանը:

Նա հայտնեց, որ գործի ընթացքի մասին որեւէ տեղեկություն չունեն:

«Հույս ունենք, որ ամսի 16-ին հանդիպմանը մեզ ամեն ինչ կասենք: Դեպքի մանրամասներին էլ տեղյակ չենք, նույնիսկ տուժողի իրավահաջորդ դեռեւս չենք ներգրավվել»,- ասաց Արամայիս Օսիպյանը:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում փետրվարի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։ Գործով դեռեւս ձերբակալված անձ չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 14-ին ժամը 04:40-ի, սահմաններում N մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով արձակված կրակահերթի արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Սերգեյի Օսիպյանը եւ մահացել։