«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում 2014թ. տպագրվել է «Երևանի մեմորիալ հուշարձանները» գիրքը, որում ներկայացված է հիմնականում Երևանի գերեզմանատներից և պանթեոններից 500 մահարձան, որոնց 50 տոկոսը գտնվում է անմխիթար վիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գրքի հեղինակ,  Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական քարտուղար Անի Հայկազուն Գրիգորյանը:

«Գրքում ներկայացված է 20-րդ դարի սկզբից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի 500 մահարձան: Հիմնականում ներկայացրել եմ Կոմիտասի անվան պանթեոնի, «Եռաբլուրի» և քաղաքային պանթեոնի մահարձանները, նաև Ստամբուլի և Մոսկվայի գերեզմանատներում հայ մասնագետների պատրաստած մահարձանները»,-ասաց գրքի հեղինակը:

Անի Հայկազուն Գրիգորյանը ցավով նշեց, որ քաղաքային գերեզմանատների մահարձանները գտնվում են անմխիթար վիճակում և ունեն խնամքի կարիք.

«Քաղաքային գերեզմանատների մահարձանները շատ անմխիթար և ամոթալի վիճակում են։ Քաղաքային գերեզմաններում ամոթալի վիճակ է տիրում, քանի որ գերեզմանը գերեզմանի վրա է: Այսօր 50 տարվա գերեզմանի վրա հող են լցնում, և նույն տեղում այլ հուղարկավորություն անում, ինչը վանդալիզմի վառ օրինակ է: Գիրքը գրելու ընթացքում ուսումնասիրություններ անելու ժամանակ գերեզմանների հսկիչներն ինձ ասում էին,  որ անգամ  գողանում են  մահարձանների վրայի մետաղաձուլվածքների տեսքով քանդակները, մահարձանները կոտրում են: Սակայն նշեմ, որ Կոմիտասի անվան պանթեոնի և Եռաբլուր պանթեոնի մահարձանները բավականին մշակված, խնամված վիճակում են»,- ասաց Անի Հայկազուն Գրիգորյանը՝ նշելով, որ որոշ գերեզմանների էլ հսկայական տարածք է տրամադրված, և դրանք ունեն դամբարանի տեսք:

Գրքի հեղինակը կարծիք հայտնեց, որ այն մահարձանների օրինակները, որոնք  այսօր կան, որոշ ժամանակ անց  կարող են դառնալ հայ մշակույթը պատկերող վառ օրինակներ. «Մահարձանները նույնպես ունեն հայկական կոլորիտ: Միայն մահարձաններն ուսումնասիրելով՝  հնարավոր է որոշակի պատկերացում կազմել հայկական մշակույթի մասին: Հայկական մահարձանները յուրահատուկ են իրենց տեսակի մեջ և ունեն  առանձնահատկություններ, որոնցից են մահարձաններ պատրաստելու համար   նախատեսված հատուկ նյութերը, խաչքարային մոտեցումը, դրանց վրա պատկերված հայկական մշակույթին պատկանող դետալները և այլն»,-ասաց Գրիգորյանը: