Ռուսաստանի Կազան քաղաքի «Ադմիրալ» խոշոր առեւտրային կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 10-ի, հաղորդում է ԱԻՆ-ի Թաթարստանի վարչությունը:
«Մարտի 13-ի ժամը 05.00-ի դրությամբ զոհերի ընդհանուր թիվը 10 է: Ժամը 04.58-ին հայտնաբերվել է եւս մեկ անհայտ տղամարդու մարմին: Փրկարարները շարունակում են աշխատանքները»,-ասված է հայտարարությունում:
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ որոշ զոհերի ինքնությունը պարզելու համար գենետիկ փորձաքննություն կանցկացվի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Կազանի «Ադմիրալ» խոշոր առեւտրային կենտրոնում հրդեհի մասին ահազանգը ստացվել է մարտի 11-ին, Երեւանի ժամանակով 13.54-ին: Փրկարարների խոսքով՝ առեւտրի կենտրոնի պահակը նկատելով ծուխը, միանգամից չի կանչել հրշեջներին, այլ փորձել է ինքնուրույն մարել կրակը: Արդյունքում կրակն արագ տարածվել է հիմնական շենքում: Սկսել են տարհանել այցելուներին, շենքը շրջափակվել է: Կես ժամվա ընթացքում կրակը բռնել է 4 հազար քմ տարածք: Տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում:
Վերջին տվյալներով՝ առնվազն 30 մարդ տարբեր աստիճանի վնասվաք է ստացել: Փրկարարներից մեկը եւս համարվում է անհետ կորած: Կազանի հիվանդանոցներում է գտնվում 16 մարդ, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:



























