Իսլանդիայի իշխանությունները պաշտոնապես հետ են կանչել ԵՄ-ին անդամակցության հայտը, որը ներկայացվել էր 2009 թվականին: Այս մասին հաղորդում է Իսլանդիայի ԱԳՆ կայքը:
Իսլանդիայի հայտը հետ կանչելու մասին ԵՄ խորհրդում նախագահող Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկեւիչին հայտնել է Իսլանդիայի ԱԳ նախարար Գունար Բրագի Սվենսոնը՝ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Նա ԵՄ ղեկավարությանն ուղղված նամակը հանձնել է Ռինկեւիչին, որով Ռեյկյավիչը հրաժարվում է վերսկսել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները:
«Այսպիսով, կառավարությունը կարծում է, որ Իսլանդիան այլեւս ԵՄ անդամության թեկնածու երկիր չէ եւ խնդրում է ԵՄ-ին հետագայում գործել ըստ այդ որոշման»,-ասված է հաղորդագրությունում:
Սվենսոնն այդ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իսլանդիայի այդ որոշումը ի չիք է դարձնում նախկին կառավարության կողմից ԵՄ-ի առջեւ ստանձնած պարտավորությունները: ՄԻաժամանակ նա ցանկություն է հայտնել ամրապնդել համագործակցությունը Ռեյկյավիկի եւ Բրյուսելի միջեւ:
Իսլանդիան ԵՄ անդամության հայտ է ներկայացրել 2009-ին, երբ հայտնվել էր ծանր տնտեսական իրավիճակում: Այն ժամանակ նշվում էր, որ ԵՄ-ին միանալը կարող է մեծ կայունություն հաղորդել երկրի տնտեսությանը եւ կանխել ճգնաժամը:





























