Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը համոզված է, որ Փաստաբանների պալատի խորհուրդը կմերժի Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանի բողոքը՝ Մարի Լոռ Դոզեին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
NEWS.am-ի հետ զրույցում Նիկոլայ Բաղդասարյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց Ռուբեն Բալոյանի քայլը. «Եթե «մրցակիցդ», դա լինի փաստաբան, քաղաքական գործիչ կամ ցանկացած այլ անձ, փորձում է առանց որեւէ փաստարկների, պարզապես վիրավորանքների, վարկաբեկման կամ նմանատիպ այլ վարքագիծ դրսեւորելով, քեզ հետ պայքարել, արձագանքելու լավագույն տարբերակը` դա «մեկ նախադասությամբ» պատասխանելն է: Հակառակ դեպքում, դու հայտնվում ես իր համար ցանկալի իրավիճակում, երբ փոխադարձ վիրավորանքներից եւ վարկաբեկումներից տուժում է քո հեղինակությունը, մարդկանց շահերը, ում դու պաշտպանում ես, այն գաղափարները, ինչի համար դու պայքարում ես:
Ռուբեն Բալոյանը ՀՀ փաստաբանների պալատ էր դիմել` ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, որ ես իբր իրեն վիրավորել եմ, սակայն ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը հաստատեց, որ նման բան տեղի չի ունեցել, եւ Ռուբեն Բալոյանը պարտվեց այդ գործը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահին իմ դեմ բողոք էին ներկայացրել նաեւ տուժողները, նորից պնդելով, որ ես վիրավորել եմ Ռուբեն Բալոյանին, սակայն ՀՀ փաստաբանների պալատի նախագահը, չգտնելով որեւէ հիմք իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, մերժել էր իրենց բողոքը: Ինչ վերաբերվում է Ռուբեն Բալոյանի հերթական բողոքին, այս անգամ արդեն մեր ֆրանսիացի գործընկեր, փաստաբան Մարի Լոռ Դոզեի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ապա հավաստիացնում եմ Ձեզ՝ այն ունենալու է նույն վախճանը, ինչ նախորդները: Ես դրանում համոզված եմ:
Իմ կարծիքով, մեղադրանքի կողմի, այդ թվում նաեւ տուժողների եւ իրենց ներկայացուցիչների բողոքները որեւէ կապ չունեն իրենց իրավունքների կամ պետական շահերի պաշտպանության հետ, այլ բացառապես ուղղված են հնարավորինս ավելի երկար ժամանակով Վարդան Պետրոսյանին անհարմարավետ պայմաններում պահելուն: Ցավում եմ, որ իրենք չեն ուզում ընդունել, որ իրենց համար Վարդան Պետրոսյանի գործը արդեն ավարտված է: Վարդան Պետրոսյանն իր վերջին խոսքում ներկայացրել է, որ նա անդրդվելի է իր դիրքորոշման մեջ` նա տվյալ վթարը կանխելու որեւէ հնարավորություն չի ունեցել, իսկ վթարի պատճառ է հանդիսացել Նիվա մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից կողնակից դեպի ճանապարհի երթեւեկելի մաս ավտոմեքենան հետընթացով դուրս բերելը: Ոչ նա, ոչ մի այլ վարորդ չէր կարող խուսափել այս դժբախտ պատահարից, քանի որ Նիվա մակնիշի վարորդը գեթ մեկ շանս ԲՄՎ մակնիշի վարորդին վթարից խուսափելու չէր թողել»:
Նշենք, որ Ռուբեն Բալոյանն ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ այս ամիսների ընթացքում դերասանի ֆրանսիացի պաշտպանն իրեն աընդհատ վիրավորել է:





























