«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս է եկել 3 պատգամավոր, եւս 3 հոգի լքել է Երեւան ավագանու ԲՀԿ խմբակցությունը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
«Որոշ լրատվամիջոցների կողմից անհարկի շահարկումներից խուսափելու համար ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը պաշտոնապես հայտնում է, որ մինչ այսօր ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունից պաշտոնապես դուրս է եկել 3 պատգամավոր, ևս 3 անդամ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից:
«Լրատվամիջոցներն կոչ եմ անում հետևել իմ կողմից հրապարակվող պաշտոնական տեղեկություններին»,- նշել է Վահան Բաբայանը:
Նշենք, որ ԲՀԿ խմբակցությունից դուրս են եկել մեծամասնականով ընտրված Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետոյանը, Գրիգորի Մարգարյանը: Մի շարք պատգամավորներ էլ դուրս են եկել կուսակցությունից, բայց մնացել են խմբակցության կազմում, որպեսզի չկորցնեն պատգամավորի մանդատը: Նրանք են Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը:
ԲՀԿ-ի դուրս գալու մասին հայտարարել են նաեւ ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Արայիկ Աղաբաբյանը, Բազմասեր Առաքելյանը, Ռուստամ Գասպարյանը, Մուրադ Գուլոյանը, Մարտուն Գրիգորյանը, Վարդան Օսկանյանը: Այս անձինք հայտարարել են ԲՀԿ-ից դուրս գալու մասին, որոշների դիմումները կուսակցությունից հաստատել են, բայց ԱԺ կայքի համաձայն՝ նրանք դեռ ԲՀԿ անդամ են: Իսկ մեկ այլ պատգամավոր՝ Մելիք Մանուկյանը, մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել, այնուհետեւ այդ դիմումը հետ էր վերցրել, այժմ պարզ չէ՝ նա մնում է, թե գնում է ԲՀԿ-ից:





























