ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104  եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ:

«Քաղաքացիներին կոչ ենք անում հիշյալ անձանց վերաբերյալ որեւէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել 1-02, 56-12—32, 56-48-21, 55-31-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել են։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ:

Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Մելիքյանը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով:

29-ամյա Սարգիս Գրիգորյան (մականունը՝ Ծգլ)

31-ամյա Սարգիս Հախանումյան (մականունը՝ Տլե)

31-ամյա Վահան Հակոբյան (մականունը՝ Գաստիկ)