ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկյան Associated Press-ին տված հարցազրույցում եւս մեկ անգամ հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հիվանդ լինելու մասին խոսակցությունները՝ հայտարարելով, որ ՌԴ նախագահի առողջության հետ կապված ամեն ինչ կարգին է:

«Նրա առողջության հետ կապված անհանգստանալու ոչ մի պատճառ չկա: Նրա մոտ ամեն ինչ կարգին է, նա աշխատում է իր ինչպես միշտ ծանրաբեռնված գրաֆիկով»,-ասել է Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ լրատվամիջոցների շրջանում ՌԴ նախագահի առողջության հետ կապված խոսակցությունների պատճառ էր դարձել այն, որ հետաձգվել էր Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել այս շաբաթ Աստանայում: Պեսկովի խոսքով այդ հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթվա վերջին:

«Երբեմն նա ավելի հաճախ է երեւում հանրությանը, երբեմն՝ ավելի հազվադեպ, բայց դա չի նշանակում, որ նա դադարում է լինել աշխատասեր: Ամեն բան գնում է սովորականի պես, նա շատ խիտ գրաֆիկ ունի»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ու հավելել. «Շատ բարդ է բացատրել նման բարձր հետաքրքրությունը նրա առողջության նկատմամբ: Այդուհանդերձ, մենք շնորհակալ ենք բոլորին անհանգստանալու համար»,-ասել է Պեսկովը: