Վարշավայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հերթական երեկոն կկազմակերպվի: Միջոցառումը կանցկացվի «Պատմության հետ հանդիպման տանը»:
Ըստ լեհական dzieje.pl կայքի, հանդիպման կազմակերպիչներից է Լեհաստանի հայերի մշակույթի եւ ժառանգության հիմնադրամը: Միջոցառումը կբացեն Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը, ինչպես նաեւ հիմնադրամի նախագահ, հայկական արմատներով լեհ Յան Աբգարովիչը:
Այնուհետեւ հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Արտվիչը հանդես կգա «Հայերը-2015: Ոչնչացման մոխրից վերածնված ժողովուրդ» ելույթով: «Ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի մասին դասախոսությամբ հանդես կգա լեհ պրոֆեսոր Անջեյ Զեմբան:
«Խաչքար» նոր ժողովածուից բանաստեղծություններ կընթերցի հեղինակը՝ Բոգդան Կասպրովիչը, որը սերում է Լվովի հայերից:



























