Մարտի 12-ին, ժամը 22:00 սահմաններում ամպրոպից հրդեհ է բռնկվել Խոսրովի արգելոցի բուսածածկ տարածքում: Արգելոցի 30 աշխատակցի ջանքերով երկու ժամ տեւած աշխատանքների արդյունքում հաջողվել է մարել հրդեհը:

22:40 դեպքի վայր են ժամանել նաեւ ՄՃԿԿ, Արտաշատ եւ Մասիս քաղաքների օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ, «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ից 3 աշխատակից եւ ՄՓՎ-ի ազատ հերթափոխից 9 հրշեջ-փրկարար: Հրդեհի մարման աշխատանքներին աջակցել են նաեւ հարակից համայնքների բնակիչները, ինչպես նաեւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի անդամները:

Հրդեհաշիջման աշխատանքները գտնվել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի անմիջական համակարգման ներքո: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ԲՆ փոխնախարար Խ. Հակոբյանը, ՀՀ ԲՆ աշխատակազմի ղեկավար Խ. Աղաբեկյանը, ՀՀ ՏԿ եւ ԱԻՆ փոխնախարար Վ. Տերտերյանը եւ ՓԾ տնօրեն Ս. Ազարյանը, ՀՀ ոստիկանության մարզային վարչության Վեդի քաղաքի բաժնի պետ գնդապետ Ս. Քոչարյանը, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռ. Անդրեասյանը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, բարձր գնահատելով իրականացված օպերատիվ միջոցառումները, նշել է. «ՀՀ բնապահպանության նախարարությունը հրդեհաշիջման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար խորին շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակից կազմակերպություններին եւ անհատ կամավորներին»: