Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը եղել է Ժառանգության» վարչության համաձայնությամբ, ինչը քննարկվել է դեռեւս նախորդ օրը տեղի ունեցած խորրդակցության ընթացքում: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում ԶԼՄ ներկայացուցիչներից, ովքեր հարցնում են, թե ինչ նպատակ էինք հետապնդում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմամբ եւ արդյոք դա իմ եւ Արմեն Մարտիրոսյանի անձնական նախաձեռնությո՞ւնն էր, թե՝ վարչության դիրքորոշում: Այս պահին ուզում եմ ասել ընդամենը հետեւյալը.
Հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, ինչը քննարկվել է դեռեւս նախորդ օրը տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում: Այդ մասին տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայնել է մեծամասնության կարծիքին:
Ինչ վերաբերում է հանդիպման բովանդակությանը, ապա մեր մասնակցելն ուներ մեկ հստակ նպատակ՝ ինչպե՞ս են իրենք վերաբերում դեռ ամիսներ առաջ «Ժառանգության» կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորհրդաժողովում «Ժառանգության» երեք առաջարկներին: Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք պատրաստ են քննարկել այդ առաջարկները: Մենք նշեցինք, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված մեր վերջնական դիրքորոշումը կախված կլինի մասնագիտական հանձնաժողովի պատասխանից:
Առայժմ այսքանը. մյուս հարցերը կքննարկենք վարչության առաջիկա նիստում»,-գրել է նա:
Նշենք, որ երեկ՝ ժամը 17.30-ի սահմաններում Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ երբ հրավեր լինի, կքննարկեն եւ կպատասխանեն, առայժմ հրավեր չկա, այս հարցազրույցից մոտ 4 ժամ անց նախագահականի կողմից տարածվել էր հաղորդագրություն, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ժառանգության» ներկայացուցիչների հետ: Lragir.am -ի հետ զրույցում ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասել է, որ «Ժառանգություն» կուսակցությունում եղել է խորհրդակցություն, որտեղ բոլորն այս հրավերի մասնակցությանը դեմ են արտահայտվել, Արմեն Մարտիրոսյանը եւ Ռուբիկ Հակոբյանը նույնպես ներկա են եղել:
«Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Ժառանգության հետ այս մասնակցությունը որեւէ կապ չունի»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ միգուցե անհատ ձեռնարկատե՞ր են հանդես եկել, բայց ոչ քաղաքական գործիչներ եւ չեն ներկայացրել Ժառանգություն կուսակցությունը:
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Արմեն Մարտիրոսյանի եւ Ռուբիկ Հակոբյանի՝ կուսակցությունից հեռացման հարց դրվի, պատգամավորը ասել է, որ չի բացառվում:





























