Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի շարք խախտումներ է հայտնաբերել «Հարավկովկասյան երկաթուղի»-ում ընկերությունում:
Հանձնաժողովն, այսօր՝ մարտի 13-ին, ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կատարված ստուգումների եւ ուսումնասիրությունների արդյունքները: Ընկերությունը երկաթուղային փոխադրումների ոլորտում ունի մենաշնորհային դիրք. Հանձնաժողովի ուսումնասիրության նպատակը մենաշնորհային դիրքի չարաշահման փաստերը բացահայտելն է: Տեղեկացնենք, որ ընկերությունը վերջին 3 տարիներին բարձրացրել է միջպետական եւ ներպետական բեռնափոխադրումների գները, ինչի հետ կապված ՏՄՊՊՀ մասնագետները համապատասխան գնագոյացման հաշվարկներ են իրականացրել:
17 տոկոսով ավելի բարձր գին՝ բեռնափոխադրումների համար: Որոշ դեպքերում գնաճը մեծ չափով գերազանցում է ընկերության կողմից կատարված ծախսերին
Սկսած 2011 թվականից «Հարավկովկասյան երկաթուղին» պարբերաբար բարձրացնում է բեռնափոխադրման գները: Ընդհանուր առմամբ ներպետական բեռնափոխադրումների գները 2011-2014 թվականներին ավելացել են 5-17 տոկոսով, իսկ միջպետականի դեպքում՝ մինչեւ 17 տոկոս:
Պարզվել է նաեւ, որ ընկերության կողմից կատարված գնային բարձրացումները ոչ միշտ են համահունչ ծախսերին: Այսպես. 2012 թվականին նախորդ տարվա համեմատ ընկերության ծախսերը 1 տոննա/կմ-ի հաշվով ավելացել են 5,4 տոկոսով, գինը՝ 4,8 տոկոսով: 2013-ին ծախսերը ավելացել են 2,5, իսկ բեռնափոխադրման գինը՝ 4,3 տոկոսով: Այսինքն եթե 2012-ին բեռնափոխադրման գները 0,6 տոկոսով քիչ են բարձրացվել, ապա, փոխարենը 2013-ին 1,8 տոկոսով ավելի թանկ գին է սահմանվել:
Հանձնաժողովը հայտնաբերել է նաեւ մի շարք օրենսդրական խախտումներ
ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված լայնածավալ ուսումնասիրության ընթացքում ստուգվել է նաեւ ընկերության կողմից գործող օրենսդրության պահանջների կատարման փաստը: Պարզվել է, որ 2010 թվականից ի վեր, «Հարավկովկասյան երկաթուղին» չի համաձայնեցրել եւ չի հրապարակել ենթակառուցվածքների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը, օրենքով սահմանված կարգով պարտավոր էր անել: Ընդ որում այդ տեղեկատվությունը ներառում է բազմաթիվ կարեւորագույն տվյալներ, այդ թվում նաեւ ռազմավարական նշանակության ապրանքների՝ ցորենի, նավթամթերքի, երկաթուղային բեռնափոխադրումների առավելագույն սակագները, որոնք այս պարագայում չեն համաձայնեցվել: Բացի այդ, որոշ դեպքերում «ՀԿԵ» ներկայացուցիչները, առանց ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության համապատասխան լիազորագրերի, մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների միջեւ կնքվող երկաթուղային բեռնափոխադրումների սակագնային քաղաքականությունների սահմանման համաժողովներին:
Ընկերության կուտակած վնասը կազմում է 9,3 միլիարդ դրամ
Ոսումնասիրության արդյունքում պարզվել է նաեւ, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հասույթի հիմնական մասը՝ մոտ 95%-ը ձեւավորվում է ընդամենը 3 ապրանքների բեռնափոխադրումներից՝ հացահատիկ, նավթամթերք եւ հանքանյութ: Հանձնաժողովն արձանագրել է նաեւ, որ ընկերության կուտակած վնասը կազմում է 9,3 մլրդ դրամ, որն էլ ըստ ընկերության կողմից Հանձնաժողովին ներկայացրած պարզաբանումների եղել է գնային բարձրացումների հիմնական պատճառը: Հանձնաժողովը ստուգել է նաեւ կուտակված վնասի առաջացման պատճառներն ու հիմնավորվածությունը եւ պարզել, որ նման ծավալի վնասը կոնցեսիոն պայմանագրով նախատեսված եւ ընկերության կողմից մինչ օրս կատարված շուրջ 91 մլրդ դրամի ներդրումների հետեւանք է: Ստացվում է, որ ներդրումների աճին զուգահեռ ավելանում է նաեւ ընկերության վնասի չափը:
Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքը, ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը հանձնարարեց շարունակել ուսումնասիրությունները ընկերության կողմից կատարված ներդրումների արդյունավետությունը պարզելու նպատակով: Բացի այդ, կուսումնասիրվի նաեւ գնումների կազմակերպման գործընթացը, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղին» ազատ է իր գնումների քաղաքականությունը որոշելու հարցում եւ ինքնուրույն է տնօրինում, թե երբ, ումից եւ ինչ գնով ձեռքբերում իրականացի:
Բացահայտումների փաթեթը կուղարկվի ոլորտը վերահսկող պետական կառույցին
Հաշվի առնելով ընկերությունում ձեւավորված խոշոր վնասի առկայության փաստը, Հանձնաժողովը որոշեց տալ նախազգուշացում եւ պահանջել, որպեսզի այսուհետ «Հարավկովկասյան երկաթուղին» հետեւի մրցակցային օրենսդրության պահանջներին եւ զերծ մնա չարաշահումներից:
Քանի որ բացահայտումների հիմնական մասը գտնվում է ոլորտը կարգավորող մարմնի` ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության դաշտում, ուստի Հանձնաժողովի որոշմամբ ուսումնասիրությունների ողջ փաթեթը կուղարկվի նախարարություն: Բացի այդ, ոլորտի կարգավորման, ինչպես նաեւ ընկերության գործունեության կանոնակարգման նպատակով Հանձնաժողովը ձեւավորել է ստեղծված իրավիճակի շտկման առաջարկություններ, որոնք եւս կտրամադրի շահագրգիռ կողմերին:





























