Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների իրավահաջորդները չեն գնալու Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ հանդիպման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նա նշեց, որ հարազատների հետ քննարկում է եղել եւ որոշում է կայացվել, որպեսզի հանդիպման գնան փաստաբանները: «Աշխատանքային, իրավական քննարկում պետք է լինի, արդյունավետության տեսանկյունից ճիշտ կլինի, որ փաստաբաններով գնանք»,-ասաց Երեմ Սարգսյանը:
Նշենք, որ հանդիպումը նախատեսված է ժամը 17.00-ին: Մինչ այդ՝ դեռ ժամեր առաջա, Գլխավոր դատախազության շենքի մոտ է գտնվում ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին:





























