Տաթեւիկ Մելքոնյանը ոչ միայն ուխտագնացություն է կազմակերպում, այլ նաեւ իր լուման է ներդնում աստվածահաճո գործում` լուսանկարելով խոնարհված ու լքված հայկական եկեղեցիները, ստեղծում է մեր հոգեւոր ժառանգության արխիվ: Ցավոք, ավելի քան 5000 նկարներ (NEWS.am-ը դրանցից մի քանիսը ներկայացնում է կարճ ֆոտոռեպորտաժում) մեծամասնության համար դեռեւս հասանելի չեն, քանի որ հավաքածուի ստեղծման կամ ցուցահանդեսի կազմակերպման համար Տաթեւիկը տարրական միջոցներ չունի: Դժվարությունների, նախկին հայկական եկեղեցիների եւ վանքերի ավերակները տեսնելուց ծնված ցավի մասին պատմում է Տաթեւիկը:
Ճանապարհի սկիզբը
Մասնագիտությամբ ֆիզիկոս եմ, երկար տարիներ աշխատել եմ Կենտրոնական հեռուստատեսությունում` որպես ճարտարագետ, բայց 10 տարի առաջ ես ավտովթարի ենթարկվեցի, ծանր հիվանդություն տարա եւ հեռացա աշխատանքից: Դրանից հետո շատ ազատ ժամանակ ունեի եւ սկսեցի եկեղեցի հաճախել, իսկ 2000-ին կատարեցի առաջին ուխխտագնացությունը: 35-40 հոգուց բաղկացած խմբով մենք ամեն տարի այցելում ենք հայկական եկեղեցիներ, վանքեր, տաճարներ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Արեւմտյան Հայաստանում, Կլիկիայում, Իրանում, Երուսաղեմում: Ես եղել եմ քրիստոնեական մոտ 1000-ից ավելի օջախներում, հիմնականում, այցելել եմ հայկական խոնարհված եկեղեցիներ ու վանքեր: Հայաստանում դրանք անհամար են, էլ չեմ ասում նրանց մասին, որոնք մեր երկրի սահմաններից դուրս են: Կան այնպիսիք, որոնցից մնացել են միայն պատերի ինչ որ հատվածներ, խաչքարերի կտորներ: Ամենից շատ ինձ ապշեցրել էր այն, թե ինչ է մնացել Նարեկավանքից, որտեղ որոշ ժամանակ ապրել ու աշխատել է Նարեկացին: Այն գտնվում է Վանա լճից ոչ հեռու եւ այսօր նրա տեղում մզկիթ է կանգնած: Նույնը տեղի է ունեցել նաեւ 10-րդ դարի խոնարհված Սուրբ Աստվածամայր եկեղեցու եւ Արեւմտյան Հայաստանի այլ վանքերի հետ: Ուխտագնացության ժամանակ մենք աղբից մաքրում ենք եկեղեցիներն ու շրջակա տարածքը, մեր վանականն այնտեղ աղոթք է կարդում, երբեմն անգամ պատարագ ենք մատուցում: Իսկ ես անընդհատ նկարում եմ երբեմնի հայտնի, իսկ այսօր խոնարհված եկեղեցիներն ու վանքերը: Եկեղեցիներին օգնելու իմ ճիչը՝ իմ լուսանկարներն են: Նայում ես խոնարհված եկեղեցուն ու զգում, որ նա կանչում է «Օգնի՜ր, վերկանգնի՜ր»:
Քրեստոնյայի առաքելությունը
Ես ուզում եմ, որ իմ լուսանկարները դառնան հասարակության սեփականությունը, որպեսզի մարդիկ դրանք տեսնեն, իմանան, թե ինչ եկեղեցիներ գոյություն ունեն կամ գոյություն են ունեցել այն բոլոր վայրերում, որտեղ հայեր են ապրել: Բայց ֆինանսական առումով ինձ համար շատ դժվար է, որովհետեւ ես չեմ աշխատում, եւ սեփական միջոցներով ուխտագնացություններ եմ կատարում, Եկեղեցին ինձ չի ֆինանսավորում: Իսկ իմ ծախսերը կրկնակի են, քանի որ ես գնում եմ ֆոտոժապավեն, վճարում լուսանկարները երեւակելու համար: Ուխտագնացություն կատարելու եւ լուսանկարներ անելու համար ես ստիպված եմ վաճառել տան արժեքավոր իրերը: Իմ արխիվում կան ավելի քան 5000 լուսանկարներ: Նախորդ տարի Էջմիածնում կազմակերպվեց իմ միակ անհատական ցուցահանդեսը: Ես դիմել եմ Սուրբ Էջմիածնի ամենաբարձրագույն ատյաններին, բայց ցավոք, մինչ օրս ոչ մի օգնություն չեմ ստացել: 2003 թվականին ինձ հաջողվեց իմ լուսանկարներով օրացույց տպել, որտեղ պատկերված են խոնարհված եկեղեցիներ: Անցավ 2 տարի եւ ի հայտ եկան այդ բարի գործի առաջին պտուղները: Սկսեցին վերականգնել Աստվածընկալ եկեղեցին: Իմ առաքելության նպատակն է կոչ անել միջոցներ ու հնարավորություններ ունեցող մարդկանց՝ վերականգնել քրիստոնեական սուրբ շինությունները: Յուրաքանչյուր քրիստոնյա ոչ միայն պետք է հաճախի եկեեղեցի, այլ ինչ որ իրական օգուտ տա:
Ճամփորդություն սուրբ վայրերով
Իրանում կա Սուրբ Թադեւոսի վանքը: Տարին երեք օր ողջ աշխարհի հայերն այցելում են այդ սուրբ վայրը: Այնտեղ է գտնվում Թադեւոս առաքյալի գերեզմանը: Ես եղել եմ այնտեղ մի քանի տարի առաջ, 2006-ին այցելել եմ Երուսաղեմի հայկական եկեղեցիները, իսկ 2008-ին եղել ենք Կիլիկիայում: Վանա լճից ոչ հեռու, լեռներում տեղակայված է Սուրբ Թովմասի վանքը: Այն մասնակի պահպանվել է, միայն այն պատճառով, որ գտնվում է բարձր լեռներում, որտեղ դժվար է հասնելը: Ուխտագնացություն ենք կատարել նաեւ Սուրբ Խաչ եւ Աղթամարի եկեղեցիներ: Երբ մենք մտանք եկեղեցի, տեր հայրն ասաց, որ այստեղ արգելված է մոմեր վառել, աղոթել, խունկ ծխել եւ լուսանկարել: Բայց մենք մոմեր վառեցինք, խունկ ծխեցինք, աղոթեցինք իսկ ես սկսեցի լուսանկարել: Թուրք ոստիկանները տեսնելով այդ ամենը, չխանգարեցին, միայն փորձեցին թույլ չտալ, որ լուսանկարեմ: Ես, իհարկե, նրանց չենթարկվեցի եւ հնարավորության սահմանում լուսանկարներ արեցի: Այս տարի ուխտագնացների խմբով վերադարձանք Կիլիկիայից: Հնարավորություն սահմաններում ես շարունակելու եմ իմ գործունեությունը, հույսով, որ կգտնվեն բարի մարդիկ, իրական քրիստոնյաներ, որոնք օգնության ձեռք կմեկնեն:
Արմեն Օսիպյանց




























