Հայաստանի բնապահպանության նախարարությունը Նորվեգիայի հետ համատեղ ստեղծել է GIS տվյալների բազայի եւ համապատասխան էկոհամակարգային ծառայությունների տնտեսական գնահատման քարտեզներ ՀՀ Տավուշի մարզի Կողբ եւ Ջուջեւան համայնքների հարակից անտառապատ գոտիների համար:
Ինչպես հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը, ծրագրի գլխավոր նպատակն է հզորացնել տեղական համայնքների եւ տեղական իշխանությունների կարողությունները Հարավային Կովկասի լեռնային շրջանների անտառային էկոհամակարգերի եւ կենսաբազմազանության կորստի կանխման նպատակով` բարելավելով կենսաբազմազանության մասնակցային կառավարումը, ինչպես նաեւ դեգրադացված անտառային էկոհամակարգերի վերականգնման եւ դրանց նշանակության բարձրացման պիլոտային ծրագրերի իրականացման միջոցով ցույց տալ դրանց գործնական կիրառումը:
Որպես փորձացուցադրական ուսումնասիրություն` ծրագրի իրականացման սկզբնական փուլում կատարվել է ընտրված տարածքների հարակից գոտիների էկոհամակարգերի եւ կենսաբազմազանության (ներառյալ անտառային էկոհամակարգերը) տնտեսական գնահատում, իրականացվել են ինֆորմացիոն-տեղեկատվական գործողություններ, գիտելիքի եւ փորձի փոխանակման նպատակով անցկացվել են տարածաշրջանային եւ ազգային համաժողովներ, կատարվել է անտառային ռեսուրսների օգտագործման ուսումնասիրություն Հայաստանի թիրախային` Ջուջեվան եւ Կողբ համայնքների հարակից գոտիներում: Թիրախային համայնքների հարակից գոտիների համար մշակվել է անտառային էկոհամակարգերի GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) տվյալների բազա: Տեղական մակարդակում անցկացվել է կարողությունների կարիքների գնահատում` տեղական զարգացման քաղաքականության մեջ կենսաբազմազանության պահպանման, կայուն օգտագործման, անտառների համայնքային կառավարման հարցերի ներառման նպատակով: Կազմակերպվել է ուսուցում որոշումներ կայացնողների եւ տեղի բնակչության համար` կենսաբազմազանության պահպանման, կայուն օգտագործման, անտառների համայնքային կառավարման եւ այլ հարցերի շուրջ:
Պիլոտային ծրագրի արդյունքում հավաքագրվել են տվյալ համայնքների կադաստրային, անտառային գնահատման, հողերի, 1:10 000 մասշտաբի տեղագրական քարտեզները, Landsat-7 եւ RapidEye արբանյակային պատկերները, Կողբ եւ Ջուջեւան համայնքների էկոհամակարգերի տնտեսական գնահատման տվյալները:
Կատարվել է հիմքային քարտեզի մշակում` ներառյալ իզոհիպսերը 5մ կտրվածքով, գետային ցանցը` դասակարգված ըստ գետերի կարգերի, աղբյուրները, ճանապարհային ցանցը, էլեկտրահաղորդման գծերը, պատմամշակութային հուշարձանները, բնակավայրերի սահմանը, անտառների սահմանը:
Կատարված վերլուծությունների արդյունքում կազմվել է էկոհամակարգերի տնտեսական գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության` ռելիեֆի թվային մոդելը, լանջերի կողմնադրությունները, լանջերի թեքությունները, տեղումների քարտեզը, մակերեւույթի ջերմաստիճանների քարտեզները: Վերլուծությունների միջոցով ստացվել է համայնքների տարածքի գումարային, ուղիղ, ցրված արեւային ճառագայթման եւ ճառագայթման տեւողության պատկերները: ՀՀ անտառների կառավարման պլանների տվյալների բազայից մշակվել եւ ստացվել է Կողբ եւ Ջուջեւան համայնքների անտառային քարտեզները՝ համապատասխան տվյալների բազայով հանդերձ:
Փորձնական ծրագրի հաջող իրականացումը թույլ կտա առաջիկայում ընդլայնել գործունեության աշխարհագրությունը` ստեղծելով ՀՀ նոր տարածքների աշխարհագրական տեղեկատվական քարտեզներ` որոնք կներառեն էկոհամակարգերի ծառայությունների տնտեսական գնահատման մեթոդաբանությամբ ստեղծված նյութեր եւ կնշվեն նրանց կիրարկման հնարավորությունները:





























