Կալիֆորնիա նահանգի Նորթրիջի համալսարանի ուսանողական մարմնի ղեկավարությունը կողմ է քվեարկել բանաձեւին, որը 2015 թվականի ապրիլը հայտարարում է «1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշանավորող ամիս»: Այս մասին գրում է «Asbarez» պարբերականը:

Բանաձեւն ուսանողական մարմնին իրավունք է տալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներ անցկացնել: Ուսանողները նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ են արել դաշնային աջակցություն ապահովել եւ ճանաչել մարդկության դեմ իրագործված այդ հրեշավոր հանցագործությունը, ինչպես նաեւ աշխատել արդար, կառուցողական, կայուն եւ թափանցիկ հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ՝ հիմնված Թուրքիայի հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության փաստի եւ հետեւանքների լիարժեք ճանաչման վրա:

Նշենք, որ Նորթրիջի համալսարանում 40 հազար ուսանող է սովորում, որոնց շուրջ 10%-ը հայկական ծագում ունի: