ՀՀ քաղաքաշինության նախարարության եւ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի միջեւ երկարամյա փոխշահավետ համագործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու նպատակով այսօր նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը եւ հիմնադրամի ղեկավար պարոն Գրեգ Ֆոստերը ստորագրել են համագործակցության համաձայնագիր:     

ՀՖՀԱ հիմնադրամի նպատակն է նպաստել Հայաստանում բնակարանային աղքատության վերացմանը, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կարողությունների զարգացմանը, ՀՀ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը:

Ողջունելով հյուրերին, նախարարի տեղակալ Ա. Ղուլարյանը նշել է, որ ստորագրվող համաձայնագիրն էլ ավելի կնպաստի երկուստեք փոխշահավետ գործունեություն ծավալելուն: Նա նշել է, որ ՀՀ անկախության հռչակումից հետո բազմաթիվ այլ հիմնախնդիրների շարքում կառավարության առջեւ ծառացել են նաեւ անօթեւան ընտանիքների բնակարանային ապահովման եւ բնակարանային ֆոնդի անվտանգ շահագործման խնդիրները: Դրանք հիմնականում պայմանավորված են եղել մի քանի գործոններով՝ 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետեւանքների վերացմամբ, Ադրբեջանից փախստականների ներհոսքով, սողանքային երեւույթների անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ եւ այլն:

Ա. Ղուլարյանն իր խոսքում նշել է, որ նախարարությունը բարձր է գնահատում կառուցողական գործընկերային այն մթնոլորտը, որն առկա է նախարարության եւ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի միջեւ: Փոխնախարարը կարեւորել է, որ համաձայնագրի ստորագրումը իրավական հիմքեր կստեղծի բնակարանային ոլորտում համագործակցության համար:

Պարոն Գրեգ Ֆոստերը շնորհակալություն հայտնելով նախարարության ներկայացուցիչներին, Հայաստանում իրենց կազմակերպությանը աջակցելու եւ համագործակցելու համար, նշել է, որ միայն այս տարի իրենց հիմնադրամը պլանավորել է բարելավել ավելի քան 500.000 մարդու բնակարանային պայմաններ՝ այս համատեքստում պատրաստակամություն հայտնելով իրենց ծրագրի շրջանակներում օգնելու եւ աջակցելու Հայաստանին: