ՀՀ պաշտպանության նախարարի «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցի կապակցությամբ կամայական մեկնաբանություններ է տվել Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն, ով կրկին անգամ հայկական կողմին մեղադրել է ադրբեջանական տարածքների «օկուպացման» մեջ եւ նշել, թե ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը ձգձգվում է Հայաստանի ղեկավարության «օկուպացիոն» քաղաքականության հետեւանքով: Այս առնչությամբ, ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.
«Հարկ ենք համարում հիշեցնել Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարին եւ հարեւան պետության պաշտպանական գերատեսչության խոսափողը հանդիսացող լրատվամիջոցներին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, թե ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, եւ քաջածանոթ է ԼՂ խնդրի կարգավորման շուրջ միջազգային կառույցների ընդունած բանաձեւերին: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուին եւս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս չտարվել սեփական ցանկություններն իրականության տեղ ընդունելու գայթակղությամբ եւ անպատասխանատու ռազմատենչ հայտարարություններով, պատերազմի սպառնալիքներով ու ապատեղեկատվություն տարածելով՝ չսրել իրավիճակը: Նման գործելաոճը ոչ միայն չի համապատասխանում բանակցային գործընթացի ոգուն, խոչընդոտում է ԼՂ հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլեւ հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության պատճառ է դառնում:
Եթե պարոն Սաբիրօղլուն նման քայլերով ցանկանում է ազդել հայկական կողմի վրա եւ բարձրացնել սեփական զինված ուժերի մարտական ոգին, ապա թող ուշադրություն դարձնի ՀՀ պաշտպանության նախարարի նույն հարցազրույցի այն մասի վրա, որտեղ նշվում է, որ «իրենց մարտունակությամբ Ադրբեջանի զինված ուժերը երբեք չեն կարողանա գերազանցել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերին: Հուսով ենք` այդ փաստն ի վերջո կհամոզի հարեւան պետության ղեկավարությանը, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարին խորհուրդ ենք տալիս իր ջանքերն ու եռանդը ներդնել այս իրողությունը հասկանալու համար:
Ավելացնենք, որ իրականությանը չի համապատասխանում նաեւ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրույցի ամբողջական տեքստը հանվել է «Ինտերֆաքս» գործակալության կայքից: Ս. Օհանյանի հարցազրույցը ի սկզբանե տեղադրված է եղել «Ինտերֆաքս-Ռազմական նորությունների գործակալություն» կայքում` http://www.militarynews.ru/excl.asp?ex=75»:




























