Այսօր Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արմեն Էլբակյանի  «Զրույց հողմաղացի հետ» գրքի եւ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գեւորգյանի «Պարարվեստը հայ մամուլի էջերում» երկհատոր ժողովածուի շնորհանդեսը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն արժեքավոր համարելով գրքերը՝ նկատեց. «Այստեղ է, որ մարդ դրսեւորում է  իր  կարողությունները, գիտելիքների խորությունը եւ այդ ամենն ապագա սերունդներին փոխանցելու ցանկությունը: Սա այն հազվադեպ ձեռնարկներից է, որտեղ մեր արվեստագետները խոսում են ավելի շատ իրենց պարտավորությունների, քան՝ ցանկությունների եւ գաղափարների մասին: Նրանք այն արվեստագենտերն են, ովքեր տանջվում ու տառապում են մեր մշակույթի հոգսերով ու խնդիրներով: Պատահական չէ, որ այդ հանգամանքը նրանց դրդել է ձեւակերպել իրենց պահանջմունքն ու ցանկությունը»:

«Սա զրույց է ռեժիսորի եւ հողմաղացի միջեւ, այն հայերեն գրված գիրք է հայ մարդու համար: Սա մի նոր զավակի ծնունդ է:  Գրքում  բարձրացված են այն խնդիրները, ինչն ամփոփել եմ այս տարիների ընթացքում»,- ասաց Մանկավարժական համասլարանի ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Արմեն Էլբակյանը: Խոսելով այսօրվա թատրոնի մասին՝ ռեժիսորը նկատեց, որ գուցե հիմա թատրոնի եւ մշակույթի զարգացման ժամանակշրջան չէ, սակայն թատրոնը հասարակության կյանքում խիստ կարեւոր դեր է խաղում: ՙԹատրոնը աշխարհի փոքր մոդել է. այն օգնում է մեզ ազատագրվել մեր շուրջը տիրող քաոսից: Ու անկախ հնչող կարծիքներից, պետք է հավաստել՝ թատրոնը չի մեռել եւ չի մեռնելու՚,-ամփոփեց ռեժիսորը:

Ապագա ռեժիսորների, թատերագետների եւ, առհասարակ, բեմադրական արվեստով հետաքրքրվողների համար նախատեսված զրույցների այս ժողովածուն փորձ էր՝ բացահայտելու ռեժիսորի կոչման տեսանելի եւ անտեսանելի մասնագիտական ծալքերը, բեմադրության արարման ստեղծագործական ողջ շղթան՝ պիեսի ընթերցումից մինչեւ բեմադրություն:

Մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գեւորգյանի հեղինակած ՙՊարարվեստը հայ մամուլի էջերում՚ երկհատոր ժողովածուն ամփոփում է մոտ 300 հոդված, որոնք առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն պարարվեստի մասնագետների, այլեւ հասարակության լայն շրջանակների համար: Ժողովածուն ներառում է ինչպես ազգային, այնպես էլ հայ դասական պարարվեստի սկզբնավորման, զարգացման եւ հետագա խնդիրներին վերաբերող հոդվածներ, որոնք ընդգրկում են մի ամբողջ ժամանակաշրջան: Ժողվածուում ընդգրկված հոդվածներում ներկայացված է հայ պարարվեստի երախտավորների՝ Վահրամ Արիստակեսյանի, Սրբուհի Լիսիցյանի եւ այլ նշանավոր գործիչների տեսակետները, ովքեր ժամանակին արձագանքել են հայ պարարվեստին առնչվող խնդիրներին, մտահոգվել են ազգային պարարվեստի ճակատագրով:

«Այս գրքից հետո կլինեն մարդիկ,  ովքեր կհասկանան, թե հայկական պարարվեստը ինչպիսի օրինաչափ զարգացման ընթացք  է ունեցել, եւ ուր է գնում այսօր մեր ժողովրդական պարը: Մշակութաբանական, պատմական, պատմագիտական փաստերը վկայում են, որ մեր հինավուրց ժողովրդի պարը 3000 տարեկան է: Ժողովածուում զետեղված հոդվածները հույս են տալիս, որ պարն ապագա ունի եւ նրա ճանապարհը լուսավոր է՚,-ասաց  Կարեն Գեւորգյանը: 

Վերջում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բեղմնավոր եւ հագեցած մշակույթային գործունեության համար

Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գեւորգ Թադեւոսյանին պարգեւատրեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, իսկ համալսարանի թանգարանի տնօրեն՝ Ալվարդ Գրիգորյանին եւ գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի՝ շնորհակալագրերով: