ՀՀ նախագահի եւ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) ներկայացուցիչների հանդիպման ընթացքում նախագահը ծրագիրը շարունակելու համար նախատեսված նոր գումարի չափ չի ասել, բայց խոստացել է ֆինանսավորել այն հնարավորությունների սահմանում: Երիտասարդ գիտնականները նախագահին են ներկայացրել ընթացիկ հաշվետու տարվա համար նախատեսված նոր նախագծերը՝ 254 միլիոն դրամ արժողությամբ: Հիշեցնենք, որ ի սկզբանե այս ծրագրի ֆինանսավորման համար նախագահի կողմից տրամադրվող գումարի չափը կազմում էր տարեկան 100 միլիոն:
Հստակ գումարի չափը չնշելով՝ նախագահը, այնումենայնիվ խոստացել է «հայթայթել» հավելյալ 10 միլիոն դրամ կոնկրետ նախագծի իրականացման համար, որն է երիտասարդ գիտնականներին ազդեցության բարձր գործակցով (impact factor) ամսագրերում տպագրվելու համար խրախուսումը: Հանդիպման մանրամասների մասին NEWS.am-ի թղթակցին պատմել է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի նյութական ալիքների ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի Դիտորդական Խորհրդի անդամ Արթուր Իշխանյանը:
Մեր զրուցակիցը նշել է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, երիտասարդները գրագետ եւ հստակ կերպով ներկայացրել են նախագահին ոլորտում առկա խնդիրները: Ամենակարեւորն այն է, որ նախկինի պես նման նախաձեռնությունների կարեւորության ըմբռնման բացակայություն չէր նկատվում, ինչին, ըստ Ա.Իշխանյանի, հաջողվել է հասնել նաեւ ԵԳԱԾ–ի գործունեության շնորհիվ, որն իր գոյության երեք տարիների ընթացքում մի շարք կարեւոր խնդիրներ է կարողացել լուծել: Մասնավորապես.
• Գործնականում փորձարկվել են կառավարման այլընտրանքային մոտեցումները. ղեկավար կազմը աշխատել է հասարակական հիմունքներով, առանց աշխատավարձի, բոլոր միջոցները նպատակային են ծախսվել։
• Ծրագրի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ նախագծեր, որոնք մշակութաստեղծ բնույթ ունեն
• Շնորհիվ իրականացրած նախագծերի՝ ամբողջ աշխարհում ընդունված գիտակազմակերպչական չափանիշներն ու հասկացությունները հաջողվել է ամրագրել նաեւ մեր երկրում։
«ԵԳԱԾ-ը փայլուն ծրագիր է, ու այն տարատեսակ հակասական մեկնաբանությունների տեղիք չի տալիս, որովհետեւ իրականացված բազմաթիվ ծրագրերն իրենց էությամբ մշակույթ ձեւավորող են։ Ընդհանրապես, ԵԳԱԾ-ը հանդիսանում է պիլոտային ծրագրերի, գաղափարների իրականացման վայր, որոնք հետագայում, ենթադրվում է, պետք է լայն ծավալով ներդրվեն պրակտիկա։ Օրինակ, երիտասարդ գիտնականների` ազդեցության գործակից ունեցող պարբերականներում տպագրությունների խրախուսումը – այս ծրագրի իրականացումը շատ կարեւոր է հենց բուն այդպիսի մշակույթի ձեւավորման տեսակետից։ Այս տարիների ընթացքում ԵԳԱԾ-ը ցույց տվեց, որ այն այլեւս կայացած երեւույթ է։ Ամսագրերի ազդեցության գործակից, հրապարակումների հղման ինդեքս տերմինները, ապա այն, որ գիտության նկատմամբ պետության եւ հանրության վերաբերմունքի չափանիշը գիտության ֆինանսավորման` համախառն ներքին արդյունքից գիտությանն ուղղվող մասնահանումն է, այս բաներն այլեւս մտել են շրջանառության մեջ եւ հանդիսանում են ընդհանուր բառապաշարի անքակտելի մաս», – նշել է մեր զրուցակիցը։
Այսպիսով, երիտասարդ գիտնականները նախագահի առջեւ մի շարք խնդիրներ են բարձրաձայնել, որոնք արմատական նշանակություն ունեն Հայաստանի գիտության հետագա զարգացման տեսանկյունից.
1. 2010 թվականին ընդունված գիտության զարգացման ռազմավարությունը նախատեսում է գիտության ֆինանսավորման ցուցանիշների համապատասխանեցում եվրոպական միջին ցուցանիշներին մինչեւ 2020 թվական: Արդեն 2015 թվականն է, սակայն ոչ մի դրական տեղաշարժ այս հարցում դեռեւս չկա: Այս տեմպերով Կառավարությանը չի հաջողվի կյանքի կոչել ռազմավարական ծրագրի այս կետը:
2. Նախագահին հիշեցրել են, որ 2012 թվականին Կառավարություն էր ներկայացվել գիտության երիտասարդացման ծրագիրը, որը շատ կարեւոր է մեր երկրի համար: Հետագայում, սակայն, այս ծրագիրը հանվել է օրակարգից:
3. Նախաձեռնության անդամները նախագահի ուշադրությունն են հրավիրել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության» մասին նոր օրենքի ընդունման անհրաժեշտության վրա, քանի որ մի շարք բազային հասկացություններ, որոնք կիրառվում են գիտության կազմակերպման ժամանակակից համակարգի կողմից, Հայաստանում դեռեւս օրենքով ամրագրված չեն, ինչը նկատելի կերպով բարդացնում է աշխատանքը: Բացի այդ՝ խորհրդարանում երկրորդ ընթերցում անցած «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի ընդունումը հնարավորինս պետք է արագացնել:
4. Երիտասարդները նշել են, որ 2008 թվականին ԱՊՀ անդամ երկրների միջպառլամենտական ասամբլեան ընդունել է գիտնականի եւ գիտաշխատողի կարգավիճակի վերաբերյալ մոդելային օրենք, որում, մասնավորապես, ասվում է, որ գիտնականների աշխատավարձը պետք է լինի երկրի միջին աշխատավարձից ոչ ցածր (իսկ մեզ մոտ այն երկու անգամ ցածր է), գիտնականները պետք է օգտվեն երկարացված արձակուրդի իրավունքից, եւ որ գիտնականի կենսաթոշակը պետք է կազմի նրա աշխատավարձի 75 տոկոսից բարձր, ընդ որում, բացի այդ պետք է ավելացվեն նաև գիտական աստիճանների համար տրվող հավելավճարները։ Այս օրենքի կիրարկումը արմատական նշանակություն ունի, որովհետեւ սա միջազգային պարտավորվածություն է, որն ավելի գերակա է։
5. Առաջարկվել է գիտության հավելյալ ֆինանսավորման համար կազմակերպել միջոցների հավաքագրում Համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող համազգային մարաթոնների շրջանակում:
6. Նշվել է նաեւ, որ պետք է տնտեսագիտական հոդվածների՝ ազդեցության բարձր ցուցանիշ ունեցող ամսագրերում հրատարակելու մրցույթ կազմակերպել:
Իր հերթին Արթուր Իշխանյանը նշել է, որ միջազգային հեղինակավոր ամսագրերում հրապարակումների խրախուսումը (ոչ միայն երիտասարդ գիտնականների, այլ ընդհանրապես բոլորի) պետք է իրականացվի ամբողջ երկրի մասշտաբով՝ Ազգային մրցունակության հիմնադրամի միջոցներով, քանի որ դա հենց ազգային մրցունակության ցուցանիշն է։ «Պահանջում ենք գիտության ֆինասավորման ավելացում» նախաձեռնությունը մշտապես հանդես է եկել նման առաջարկով:
Ինչ վերաբերվում է հանդիպման արդյունքներին, ընթացիկ հարցերի օրենսդրական մասի կարգավորումը հանձնարարվել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին, իսկ մնացած խնդիրների քննարկումը դեռեւս առջեւում է:





























