Մարտի 14-ին փրկարարները ՌԴ Կազան քաղաքի «Ադմիրալ» առեւտրի կենտրոնում փլատակների տակից հանել են 16-րդ զոհի մարմինը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ըստ վերջին տեղեկությունների՝ փլատակների տակ դեռ կարող է 19 մարդ լինել։
Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը մարտի 14-ը սգո օր է հայտարարել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կազանի «Ադմիրալ» խոշոր առեւտրային կենտրոնում հրդեհի մասին ահազանգը ստացվել է մարտի 11-ին, Երեւանի ժամանակով 13.54-ին: Փրկարարների խոսքով՝ առեւտրի կենտրոնի պահակը նկատելով ծուխը, միանգամից չի կանչել հրշեջներին, այլ փորձել է ինքնուրույն մարել կրակը: Արդյունքում կրակն արագ տարածվել է հիմնական շենքում: Սկսել են տարհանել այցելուներին, շենքը շրջափակվել է: Կես ժամվա ընթացքում կրակը բռնել է 4 հազար քմ տարածք: Տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում:





























