ՆԱՏՕ-ն չի միջամտի Ուկրաինայի արեւելքում հակամարտությանը, քանի որ այդ երկիրը դաշինքի պատասխանատվության գոտում ընդգրկված չէ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ Sky News հեռուսաալիքին տված հարցազրույցում:
«Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, եւ դա է տարբերությունը: Անվտանգության երաշխիքները տարածվում են Դաշինքի անդամների վրա»,-ասել է նա: Սթոլթենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պատասխանատու է իր դաշնակիցների պաշտպանության համար, «սակայն նրանցից ոչ մեկը հարձակման չի ենթարկվում»:
Նրա խոսքով՝ Դաշինքը Կիեւին լուրջ քաղաքական աջակցություն է ցուցաբերում, քանի որ «ՆԱՏՕ-ն չի հասկանում այն, ինչ անում է Ռուսաստանն Ուկրաինայում»: Սթոլթենբերգը հավելել է, որ «ամենագլխավորը հիմա մինսկյան պայմանավորվածությունները պահպանելն է», հաղորդում է Lenta.ru-ն:





























