Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչների Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ հանդիպմանը քննարկվել են բազմաթիվ հարցեր: Փաստաբան Երեմ Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առայժմ չեն ցանկանում հրապարկել հանդիպման բոլոր մանրամասները, քանի որ քննարկվել են նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ եւ դրանից կարող է վնաս լինել քննությանը, սակայն չի բացառվում, որ հետագայում ավելի մանրամասն անդրադառնան քննարկված հարցերին:

Երեմ Սարգսյանը հայտնեց, որ քննարկվել է վարույթը հայկական կողմին փոխանցելու հարցը, առայժմ Ռուսաստանի դատախազությունից Գեւորգ Կոստանյանի ուղարկած նամակի պատասխանը չկա եւ որեւէ ժամկետ սահմանված չէ:

Քննարկել են նաեւ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սահմանն ապօրինի հատելու դեպքի հետ կապված գործ հարուցելը հարցը, որի վերաբերյալ ավելի վաղ միջնորդություն էին ներկայացրել: Երեմ Սարգսյանն ասաց, որ իրենց կողմից նշվել են մի շարք հանգամանքներ եւ Գլխավոր դատախազը հայտնել է, որ դրանք հաշվի կառնի: «Քննարկվել է այս պայմաններու, առկա 2  գործի քննության հնարավոր արդյունավետությունը, որքանով հնարավոր կլինի ապահովել հնարավոր համագործակությունը  կամ ինչ ազատությամբ կարող են գործողություններ կատարել: Շատ ավելի խորը ու մանր հարցեր են քննարկել՝ փոխանցման հարցերը, միջպետական համաձայնագրի հարցերը: Այս պահին չենք կարող ասել, թե առարկայական ինչ փաստերի հիման վրա են քննարկել, քանի որ դրանք նախաքննական տվյալների են վերաբերում»,-ասաց փաստաբանը:

Երեմ Սարգսյանը նշեց նաեւ, որ որոշ ժամանակ անց, երբ նոր տվյալներ ձեռք բերեն, չի բացառվում նորից հանդիպեն գլխավոր դատախազի հետ: Եթե հարազատները ցանկություն ունենան հանդիպելու նրա հետ, դիմում կգրեն:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից իրականացվող քննության ընթացքին, փաստաբանը տեղեկացրեց, որ իրենք մասնակցել են կենսաբանական փորձաքննությանը, հետազոտվել են զինվորական հագուստները, մյուս առարկները, արյան, քրտինքի ատկայություն, առայժմ եզրակացություն չկա, բայց Երեմ Սարգսյանի խոսքով, բավականին հետաքրքիր տվյակներ կան, որոնք իրենց որոշ կասկածներ քիչ թե շատ կփարատեն եւ որոշակի գործողություններ կարվեն:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: