Վրաստանի նախկին վարչապետ, ներկայումս «Քաղաքացի» ՀԿ-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին նոր հեռուստատեսային նախագիծ է սկսում, որը կոչվում է «2030»: Այն եթեր դուրս կգա մարտի 15-ին GDS հեռուստաալիքով:

Facebook-ում հեռուստաընկերության պաշտոնական էջում հրապարակվել է հեռուստահաղորդման անոնսը, որտեղ նշվում է, որ նախագիծը եթեր դուրս կգա կիրակի, ժամը 20.30-ին:  

Ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարել էր, որ հեռուստանախագծում հանդես կգան երեք վերլուծաբաններ, իսկ ինքը՝ շաբաթական մեկ անգամ կմիանա նրանց որպես համահաղորդավար:

Հիշեցնենք, որ միլիարդատեր Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» կուսակցությունը 2012-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է այն ժամանակ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած «Ազգային շարժում» կուսակցությանը: Ընտրություններից հետո Իվանիշվիլին դարձել է երկրի վարչապետ:

Դրանից մեկ տարի անդ նախագահական ընտրություններում եւս հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածուն՝ Գեորգի Մարգվելաշվիլին, իսկ Իվանիշվիլին հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից եւ զբաղվելու է «քաղաքացիական սեկտորի զարգացմամբ»: