Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը եւ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը տարերային աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ ՄԱԿ 3-րդ Համաշխարհային կոնֆերանսի շրջանակներում ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ պայմանավորվել են սերտացնել համագործակցությունը ռիսկերի կառավարման, այդ թվում՝ խոշոր ենթակառուցվածքային նախագծերի ոլորտում։
«Նման պայմանավորվածությունները թույլ կտան երկուստեք ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի տարածքում։ Խոսքը մասնավորապես «Թուրքական հոսքի» մասին է»,- մեջբերում է Պուչկովի հայտարարությունը «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բացի այդ կողմերը պայմանավորվել են Սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում սերտ համագործակցություն իրականացնել Թուրքիայի եւ Ռուսաստանի ազգաբնակչության կենսագործունեության անվտանգության ապահովման հարցում։





























