Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պահանջում են ազատել իրենց կոմունալ վճարումները: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, հայտարարեցին նախագահական նստավայրի մոտ հավաքված նաիրիտցիները:
«Թող պետությունը մեզ ժամանակավորապես ազատի կոմունալ վճարումներից: Երբ մեր պարտքերը տան, այն ժամանակ նոր կանենք վճարումները: Քանի դեռ մեզ գումար չեն տվել, մենք որտեղի՞ց վճարենք: Չենք վճարում՝ գալիս, գազը, լույսը անջատում են, թող էլեկտրիկներին նաիրիտցիների ցուցակը տան»,- ասաց Գայանե Մխիթարյանը:
Նաիրիտցիները, որ պահանջում են իրենց աշխատավարձերի մարման հստակ ժամանակացույց սահմանել, շարունակելու են պարբերաբար հավաքվել նախագահական նստավայրի, կառավարության շենքի մոտ:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:





























