Պարզվել է Գյումրիի «Ոսկե ծիրան» ռեստորանի մոտ հայտնաբերված տղամարդու ինքնությունը: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ մահացողը 56-ամյա Հովհաննես Աղվանի Հովհաննիսյանն է, Գյումրիի Մուսայելյան փողոցի բնակիչ:
Մեզ հասած տեղեկություններով՝ տղամարդուն վրաերթի են ենթարկել, թողել դեպքի վայրում անօգնական եւ անհետացել: իսկ թե ով է վրաերթի հեղինակը, առայժմ անհայտ է, դեպքի առթի հարուցվել է գործ, ոստիկանները փնտրում են վրաերթ անողին:
Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ տղամարդը ամուսնացած չէր, Հայաստանում որեւէ աշխատանք չուներ, երեւի արտագնա աշխատանքի է մեկնել պարբերաբար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում մարտի 14-ին, ժամը 00.56-ին ահազանգ է ստացվել, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Գյումրի» կայարանի մոտակայքում հայտնաբերվել է ճանապարհի երթեւեկելի հատվածում ընկած մոտ 40 տարեկան քաղաքացի. հավանաբար՝ վրաերթի ենթարկված եւ մահացած:
Պարզվել է, որ Գորկի եւ Մուսայելյան փողոցների խաչմերուկում` «Ոսկե ծիրան» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի:





























