Հայաստանի մի շարք համայնքներում այսօր՝ մարտի 15-ին, կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: NEWS.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ քաղաքապետ կընտրեն Արմավիրում: Թեեւ ընտրապայքարից սկզբից առաջադրվել էին 6 թեկնածու, այժմ սակայն գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՖՖ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խնամին՝ պարբեչրաբար աղմկահարույց պատմություններում հայտնվող Ռուբեն Խլղաթյանը կմրցի ինքն իր հետ, քանի որ մնացել է միայնակ ընտրապայքարում:
Դրանից բացի՝ մի շարք համայնքներում կընտրեն գյուղապետեր: Այսպես, Արագածոտնի մարզի Ափնագյուղ, Լեռնապար, Տեղեր, Օհանավան, Արարատի Վարդաշեն, Արմավիրի Հայկավան, Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Գեղարքունիքի Արփունք, Դարանակ, Կոտայքի Աղավնաձոր, Բջնի, Շիրակի Անուշավան, Արփենի, Կարմրավան, Հառիճ, Սարակապ, Սյունիքի Լոր, Կաղնուտ, Շուռնուխ, Որոտան, Վայոց ձորի Չիվա, Տավուշի Ակնաղբյուր, Ծաղկավան գյուղական համայնքներում: Գրեթե բոլոր համայնքներում առաջադրվել են գործող գյուղապետերը, ՀՀԿ-ական ներկայացուցիչներ, թեկնածուների մեջ կան նաեւ ՀՅԴ եւ ԲՀԿ անդամներ: Այսպես, օրինակ Արագածոտնի Օհանավան գյուղում առաջադրված գործող գյուղապետը ԲՀԿ անդամ է, իսկ Արարատի Վարդաշենում համայնքը ղեկավարում է ՀՅԴ անդամը, ով նույնպես առաջադրվել է ընտրություններին:





























