Վերջին շրջանում միգրացիոն հոսքերի մեջ արտառոց ոչինչ  տեղի չի ունենում եւ վերջին 8 տարիների ընթացքում՝ 2002 թվականից սկսած, այդ տեմպերը պահպանվում են: Այս մասին հուլիսի 22-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Տարածքային կառավարման  նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նա անդրադարձավ նաեւ արտաքսումներին՝ նշելով, որ սովորաբար արտաքսվում են նրանք, ովքեր անօրինական են գտնվում տվյալ երկրում: Եգանյանի խոսքով՝ մեծացել է հատկապես Բելգիայից արտաքսվող հայաստանցիների թիվը:

«Մարդիկ կարծում են, որ փախստականի կարգավիճակ ստանալով՝ բոլոր դռներն իրենց առջեւ բացվելու են եւ հայտնվելու են կաթի ու մեղրի լճակների մեջ: Եւ դա այնքան տարածված ու սխալ մտայնություն է, որ Բելգիայի իշխանության ներկայացուցիչը եկել էր այստեղ, որպես կանխարգելիչ միջոցառում ասելու, որ, սիրելի հայե՛ր, փախստականի կարգավիճակը անիմաստ ճանապարհ է, դիմումների միայն 0,3 տոկոսն է բավարարվում»,-նշեց Եգանյանը: Նա նաեւ հավելեց, որ մասնավորապես՝ Բելգիայում օտարերկրացիների համար աշխատանքի անցնելու հետ կապված որոշակի սահմանափակումներ են մտցվում, ինչը եւս պետք է նկատի ունենան այն մարդիկ, ովքեր երկիրը լքում են արտասահմանում աշխատանք գտնելու հույսով: Միգրացիոն պետական ծառայության պետի խոսքով՝ Բելգիայի իշխանությունների այս մեսիջը նպատակ ունի հասկացնել տալ հայաստանցիներին, որ կասկածելի տեղեկությունների հիման վրա  ճամպրուկներ չկապեն: «Մի՛ խաբվեք՝ կարծելով, որ եթե մարդն այնտեղ արդեն կես տարի ապրում է, ուրեմն արդեն օրինական բնակություն է հաստատել: Ոչ, դա մի գործընթաց է, որը կարող  է տարիներ տեւել»,-նշեց Եգանյանը: