Հոլանդական De Telegraaf պարբերականը լուսաբանել է «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանի հայտը՝ Genealogy խմբի Don’t Deny երգը:

Genealogy խմբի անդամները, ըստ պարբերականի, աշխարհի տարբեր երկրներից հայեր են, որոնք 1915 թվականի Ցեղասպանության հետեւանքով լքել են իրենց հայրենիքը: Don’t Deny երգի հոլովակում նրանք իրենց նախնիների անձնական եւ ընտանեկան լուսանկարներն են ցուցադրում: De Telegraaf-ը նշում է, որ Թուրքիան մինչեւ հիմա ժխտում է, որ հայերի դեմ իրագործված հանցագործությունը ցեղասպանություն է:

Հոդվածում նաեւ նշվում է. «Սոցիալական ցանցերում լրջորեն քննարկվում է, թե որքանով է երգը քաղաքականացված: Ի՞նչ է դա, «Եվրատեսիլ»-ին մարտահրավե՞ր: Փառատոնի ժամանակ երբեք չեն ողջունել քաղաքական խոհանոցը:

Երկուշաբթի բոլոր մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց երգերը: Շաբաթ-կիրակի «Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեն կրկին կդիտարկի Հայաստանի հայտը:

Թուրքական կողմից երգի շուրջ արձագանք առայժմ չկա, տեղական մամուլում հիշատակումներ՝ նույնպես:

Հիշեցնենք, որ այս տարի Թուրքիան չի մասնակցելու «Եվրատեսիլ»-ին, սակայն մեծ ծրագրեր ունի հաջորդ մրցույթի հետ կապված»: